— Շատ կավ, Գավրիլ Նիկիտիչ, առաջիկա համարում կգրեմ, որ դուք հրաժարվում եք հոբելյանից։
— Ո՛չ մի խոսք, ո՛չ մի խոսք, թողեք լուռ անցնի, մոռացվի։
Սկզբում կարծում էի, որ Սունդուկյանցը համեստությունից է հրաժարվում հոբելյանից։ Այն ժամանակ ես նրան լավ չէի ճանաչում։ Հետո Աբգար Հովհաննիսյանը ինձ իսկական պատճառը բացատրեց․
— Կառավարությունից վախենում է․ կարծում է, որ իրան կարող են սեպարատիստ հայերից համարել ու պաշտոնից զրկել։
Արդարև, այն միջոցներին հայերին ու վրացիներին վերագրում էին Ռուսիայից անջատվելու միտումներ, ուստի ցարական կառավարությունը ամենաչնչին մի ազգայնական հանդես համարում էր սեպարատիզմի նշան։
Սունդուկյանցն իրան առհասարակ հեռու էր պահում հասարակական ու գրական շրջաններից, դողալով իր պաշտոնի և տիտղոսի համար։ Ամեն անգամ, երբ պետք էր լինում հայ գրողների ցուցակը կազմել, Սունդուկյանցի անունը մոռանում էին և, հանկարծ հիշելով առաջին տեղն էին տալիս նրա անվանը։
Սունդուկյանցը մի առանձին համակրանք ուներ դեպի այն դասակարգը, որ կոչվում էր «կինտո» և որը տվել էր նրան Պեպոյի, Կակուլիի և Գիքոյի տիպերը։ Այդ դասակարգը բաղկացած է մրգավաճառներից, գինեվաճառներից, ձկնորսներից և այլն։
Նա ինքն ինձ պատմում էր, որ Պեպոյին գտել է ուղղակի փողոցում։ Տեսնելով կինտոյի զգեստով և բնորոշ դեմքով մի ձկնորս, հրավիրում է նրան իր տունը, հյուրասիրում թեյով, հետը զրույց է անում, բարեկամանում է և վերջը դառնում է նրա նորածինի կնքահայրը։
— Բայց անիրավը իր բարձր կոշիկների սուր մեխերով սենյակներիս հատակը ծակոտեց։ Լավ մարդ էր, ազնիվ-մեռավ խեղճը։ Իմ կնքած տղան հիմա մի գեղեցիկ երիտասարդ է․ մի օր ցույց կտամ։ Ես Պեպոյին մի քիչ իդեալացրել եմ, խոստովանում եմ, Կակուլին է կինտոյի