Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/216

Այս էջը հաստատված է

և հետաքրքրական։ Գրական լեզվի վերածելով նրանք կորցնում են իրանց արժեքը, ինչպես այդ ցույց տվեց թուրքահայերի համար եղած փորձը։ Կ.-Պոլսում «Պեպո»-ն գրական լեզվով փոխադրվեց և հաջողություն չունեցավ։

Սունդուկյանցը իրապաշտ էր, անաղարտ, ուզում եմ ասել նրա գրիչը զերծ էր նատուրալիզմի շարավից։ Նյութի տեսակետից նա հայ Օստրովսկի էր։ Ինչպես ռուս թատերագիրը, նա խարազանեց «խավարի թագավորությունը», այսինքն վաճառականությունը։ Նրա Արութին Զիմզիմովի և Օստրովսկու «անդրմոսկվագետի» կուլակի մեջ տարբերությունը հագուստների մեջ է, ներքուստ նրանք միևնույն խավարի ծնունդն են։

Կատարելագույնը Սունդուկյանցի տիպերի շարքում Գիքոն է — «Պեպո»-յի մեջ։ Բրոնզյա մի արձան է, որին ժամանակը չի կարող շուտով մաշել։ Արևելյան դանդաղկոտության մարմնացումն է Գիքոն, որքան հին, նույնքան նոր։ Նա երբեք չի մահանալ, վասնզի տիպերը չեն մեռնում, նրանք միայն իրենց հագուստն են փոխում, այսօր չուխա, վաղը ֆրակ։

Սունդուկյանցը չէր հետաքրքրվում ոչ հայ և ոչ օտար նոր գրականությամբ։ Ինչ որ կարդացել էր շատ տարիներ առաջ — այն էր։ Առհասարակ նա շատ էր զբաղված ինքն իրանով։ Մի տեսակ Նարգիզ էր՝ ինքն իր վրա սիրահարված։ Նա ընկերային մարդ չէր, անտարբեր դեպի ամեն ինչ, որ որևէ առնչություն չուներ իր երկերի հետ։ Ոչ մի երիտասարդ հեղինակ նրանից ոչ մի խրախուսանքի խոսք չի լսել, նա ոչ մի դրական շրջանի չի մասնակցել։ Գոնե ես նրան ոչ մի տեղ չեմ հանդիպել իբրև դրական մարդու։ Ինչ վերաբերում է ինձ, երբեք նրա բարեկամության արժանանալու փափագը չեմ ունեցել։ Նրա մեկուսացումն ինձ համար եղել է խորթ և հակակրելի։ Սակայն երբեք չեմ դադարել նրան հարգելուց որպես գրչի մարդու։

Սունդուկյանցը հակառակորդներ չուներ։ Ուզում եմ ասել պարբերական մամուլի մանր ու խոշոր մոծակները նրան չէին խայթում, ինչպես խայթում էին յուրաքանչյուրին, որ քիչ թե շատ շնորհալի գրիչ ուներ։ Իր անսահման զգաստությամբ, իր կաշառիչ ձևերով, իր շոյիչ լեզվով, վերջապես