իր պաշտոնական դիրքով գիտեր սանձահարել վայրահաչ գրչակներին։ «Մշակ»-ի իմաստակները նրա վերաբերմամբ միայն մի անգամ գործ ածեցին իրանց ժանգոտ զենքը։ Այդ այն ժամանակ էր, երբ Սունդուկյանցն ինչ-որ կաթողիկոսական ընտրությունների օրերին իր քվեն տվեց «Արձագանք»-ի խմբագրին։
Մեկը նրանցից գրեց. «Սունդուկյանցը որպես մարդ այսօրվանից մեռած է»։ Բայց Սունդուկյանցը իր անսահման էգոիզմով հանդերձ մարդ էր, մաքուր մարդ, և այդպես էլ մեռավ։
Նա մի սխալ գործեց և մեծ. գրական զբաղմունքը դարձրեց երկրորդական, առաջին տեղը տալով իր պաշտոնին և տիտղոսին։ Նա կարիք չուներ գեներալի ժապավենն իր կրծքին փաթաթելու, գերագույն ժապավենը նա ստացել էր Մելպոմենից։ Նա չուներ կարիք և ցարական դրամի։ Նա ուներ մի կալվածք, որ լիովին ապահովում էր նրա նյութականը։ Եվ այս կողմից նա միակ բացառությունն էր հայ գրողների մեջ...
XV
ԲԱՆՏ ԵՎ ԱՔՍՈՐ
Նորեն ընկա մի միջավայր, որ ոչ մի կապ չուներ գրականության հետ։
Երբ ամուրի էի, ինչ հոգ ոչ միայն վաղվա, այլև այսօրվա մասին։ Ապրում էի օր-ավուր, ինչպես կաչաղակը ձմեռը. մի օր կուշտ, երեք օր անոթի։ Ես ունեի մի կտոր թուղթ ու գրիչ, այսքանը բավական էր պանիր-հացի հետ։ Եվ մի ուրիշ բան — կամքի ու ժամանակի ազատություն — ամենաանհրաժեշտը գրողի համար։
Նույնը չեղավ, երբ իմ սիրով ու ցանկությամբ դարձա ընտանետեր։ Ահա այդ ժամաանկ էր, որ զգացի, թե ինչ անփոխարինելի գանձ է անհատի ազատությունը։ Ես ունեի մի կամք, որ որքան ևս թույլ լիներ, կյանքի հարվածներին