Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/218

Այս էջը հաստատված է

դիմադրելու չափ զորավոր էր, և ահա նա ջարդվել, երկու կտոր էր եղել, ինչպես գրանիտին զարնված սուրը։ Գրականություն և ընտանիք — երկու տրամագծորեն հակադիր տարրեր, որոնց մեք կեղեքվում էր իմ խեղճ հոգին — ինչպես երկու վագրերի բերանն ընկած մի գառնուկ։

Երբ մարդ ստիպված է հոգալ թանկագին մերձավորների ամենօրյա պարենը, նա անդամալույծ է որպես մտքի մշակ, վասնզի օր-օրի վրա բթանում են նրա զգացումները։ Հոգին չի դիմանում ձերբակալման, նա ազատություն է փնտրում ինչպես վանդակված թռչունը։ Բայց թող որքան ուզում է թռչկոտա, վանդակն ամուր է, որովհետև նա բաղկացած է սրտի նրբագույն թելերից — զավակներից... Ստիպված ես նրանց զոհել ոչ միայն գրիչդ, այլև կյանքդ...

Ծառայում էի Թիֆլիսի քաղաքային վարչության մեջ մի համեստ պաշտոնով։ Նոր սկսել էի գրել «Արսեն Դիմաքսյան»-ը: Վեպը պատմվածք չէ, պահանջում է մտքի մեծ աշխատանք, այնինչ ժամանակիս լավագույն մասը տրված էր պաշտոնիս առավոտյան ութից մինչև չորս ժամը երեկոյան։ Բայց չկա դրություն, որ ելք չունենա, գոնե ես շուտով գտա և շատ հասարակ միջոցով։ Բախտիս բերմամբ անմիջական մեծավորս շատ բարի և շատ ծույլ մի մարդ էր, դեմքով զարմանալի նման Վիկտոր Հյուգոյին։ Նա համարյա թե ոչինչ չէր անում, բացի թղթեր ստորագրելուց, իր ստորադրյալներին թեթևորեն հսկելուց։ Նա ամբողջ օրն անեկդոտներ էր պատմում և ամենին խնդրում էր նույնն անել, երևի իր ռեպերտուարը հարստացնելու համար։ Տեսնելով, որ նա մի առանձին ուշադրություն չի դարձնում ինձ վրա, որոշեցի օգտվել դրանից։ Սկսեցի ծառայությանս ժամերը կրճատել թե գլխից և թե պոչից: Այդ դժվար չէր անել, որովհետև իմ ամբողջ պարտականությունն էր երեկոները գործակալներից ընդունել գրավոր զեկուցումներ շուկայի գների մասին և հետևյալ օրը ներմուծել մատյանի մեջ։ Այստեղ կային ամեն տեսակի ապրանքներ, սկսած կովից, եզից, ոչխարից և այծից մինչև կաղամբը, բողկը, գետնախնձորը, թթու դրած վարունգը և այլն: Շատ անգամ մտքով զբաղված «Արսեն Դիմաքսյան»-ով, գներն ու ապրանքները խառնաշփոթում էի. օրինակ՝ սոխի