նրանց չենք հանդիպելու, պետք է մի քանի խոսք ասեմ նրանց մասին։
Շատ տարիներ հետո ես իմացա, որ Բալասի ապերը այդ երեքօրյա ճամփորդությունից մի ահագին հերոսություն է հյուսել իր համար և պատմել է շատերին։ Նրա ասելով՝ ավազակները եղել են թվով տասներկու, յոթը ձիավոր, հինգը հետևակ, մեկը կաղ, մեկը մի աչքանի և այլն և այլն։ Այսպես թե այնպես, ես այսօր էլ կարող եմ վկայել Բալասի ապոր քաջությունը, նաև նրա ջերմ փափագը՝ մեր գեղեցիկ ուղեկցուհու սիրտը գրավելու։
Տասնյոթ տարի հետո մի օր հանդիպեցի այդ կնոջը միանգամայն կերպարանափոխված։ Նա իր որդուն բերել էր Բաքու ուսում տալու համար։ Մի մետաքսյա սև շալ գլխին՝ նա դանդաղ քայլերով դուրս էր գալիս եկեղեցուց, կիրակնօրյա պատարագից հետո։ Ես նրան չճանաչեցի։ Մոտով անցնելիս նա կանգ առավ և հարցրեց.
— Դու Մինասի տղան չես։
— Այո, մայրիկ, Մինասի որդին եմ։ Դուք ո՞վ եք։
— Ստեփանիկի մայրը, միտդ չէ՞։ Բաքու եկանք միասին,— պատասխանեց նա և ուժգին հեկեկաց։
Ես զգացի, որ նրան մի մեծ դժբախտություն է պատահել։ Խե՜ղճ կին, նրա գեղեցկությունից ոչինչ չէր մնացել, բացի մի զույգ տակավին վառվռուն աչքերից։ Հիշեցի նրա զվարթ ու աշխույժ որդուն, և չար կասկածը պաշարեց ինձ։
— Ստեփ․..— սկսեցի ես և կանգ առա։
Թշվառ մայրը, աչքերը սրբելով, պատմեց բոլորը։ Նրա որդին կարողացել էր ավարտել ռեալական դպրոցի դասընթացքը և անմիջապես մտել էր նավթային գործերի մեջ։ Հարստացել էր իր քեռիների աջակցությամբ։ Բայց, ընկնելով գեշ շրջան, քայքայել էր իր առողջությունը, վարակվելով սոսկալի ախտով։ Հինգ տարի տանջվելուց հետո ցնորվել էր ու մեռել...
Ես լուռ համբուրեցի անբախտ մոր ձեռքը և շտապեցի հեռանալ՝ ծանր տպավորությունս փարատելու համար․․․