լուսանկարը նամակի հետ հենց փոստատանը և գցեցի փողոց։ Տարիներ անցած, երբ ես Փարիզում իմ բարեկամի հանձնարարությամբ ստիպված էի Նազարբեգյանին հանդիպել, տեսա, որ իմ հեռավոր տպավորությունը սխալ չի եղել։
Սակայն հնչակյան կուսակցությունն ուներ և ուրիշ ներկայացուցիչներ- Ռուբեն Խանզադյան, Մուրադ, Մարիամ Նազարբեգյան, Գրիգոր Վարդանյան, Շմավոն (Գաբրիել Սաֆյան) և մի քանի ուրիշներ, որոնց մասին լսել էի նպաստավոր կարծիքներ։ Ահա ինչու իմ որոնող հոգին, Ավետիս Նազարբեգյանին արհամարհելով, քաշեց ինձ հնչակյանների շրջանը, մանավանդ որ այնտեղ էր իմ բարեկամ Ղազարոս Աղայանը։ Մասնակցելով այսպես կոչված «Թիֆլիսի կոմիտեի» մի քանի նիստերին, շուտով համոզվեցի, որ այդտեղ ես մի կաշվի մեջ չեմ։ Իմ հիասթափումը մարդկանցից չէր (հնչակյաններն անհամեմատ ավելի համեստ մարդիկ էին, քան դաշնակցականները), այլ հայացքների տարբերությունից։ Բանն այն է, որ նիստերում գրեթե ամեն անգամ խնդիր էր հարուցվում տեռորի մասին։ Ցանկություն էր արտահայտվում սպանել այս կամ այն հարուստին, որ չէր ուզում կուսակցությանը դրամ տալ։ Այս տեսակ առաջարկները միշտ հանդիպում էին Ղազարոս Աղայանի և իմ դիմադրությանը։ Տեռորը մենք համարում էինք անբարոյականություն։ Մենք ասում էինք՝ հայ դատը չպետք է ապականել անհատների արյունով։ Այլ բան է, երբ տեռորը գործադրվում է մի մատնիչի վերաբերմամբ, բայց դրամի համար թափել մարդկային արյուն' դա կնշանակի պղծել մի հեղափոխական գործ, որպիսին համարում ենք մենք մեր անելիքը։ Կոմիտեից դուրս կային մարդիկ, որոնք պատրաստ էին կուսակցության անունով գործել ամեն տեսակի ոճիրներ դրամի համար։ Դրանք էին, որ դրսից ազդում էին կոմիտեի անդամներից ոմանց վրա։ Ես հիշում եմ մեկին՝ Ա․-ն անունով, որի կատաղի աչքերին նայել չէր կարելի, երբ նա խոսում էր տեռորի անհրաժեշտության մասին։ Փոքրահասակ մի երիտասարդ էր՝ լայն թիկունքով, ամուր, ինչպես պողպատից ձուլված։ Արյուն էր հոսում նրա բերանից և միշտ աջ ձեռքը վարտիքի գրպանում խաղում էր անբաժան ռեվոլվերի հետ։ Արդեն նա մի քանի սպանություններ