Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/222

Այս էջը հաստատված է

գործել էր զանազան պատճառներով, և այժմ նրա համար մարդ մորթել թե հավ — միևնույնն էր։ Նա էր, որ շարունակ կրկնում էր.

— Մեր հարուստների կաշին հաստ է, միայն գնդակը կարող է ծակել։ Բարեբախտաբար, նա հարգում էր թե՛ ինձ և թե՛ Աղայանին, և մենք կարողանում էինք նրան սանձահարել, թեև մեծ դժվարությամբ։

Ամառը 1895 թվականին որոշեցի մի երկու ամսով գնալ Ռուսաստան զբոսանքի համար։ Հնչակյան կոմիտեն խնդրեց ինձ կանգ առնել մի քանի հայաբնակ քաղաքներում և կուսակցության օգտին թե պրոպագանդ մղել և թե դրամ հանգանակել։ Խոստացա, բայց խոստումս կատարեցի շատ թույլ։ Զգում էի, որ քաղաքական քարոզչի կոչում չունեմ։ Բավականանում էի միայն թուրքահայերի թշվառ կացությունը նկարագրելով։ Ինչ վերաբերում է հանգանակության, տալիս էի կոմիտեի հասցեն, իսկ ինքս դրամ չէի ընդունում։

Օգոստոսին Պետերբուրգումն էի, երբ լուր ստացա Ղազարոս Աղայանի, Խաչիկ Վարդանյանի, Ատրպետի և ուրիշ մի քանի հնչակյանների ձերբակալման մասին։ Շտապեցի վերադառնալ Թիֆլիս։ Համոզված էի, որ ես էլ պիտի ձերբակալվեմ, ուստի չէի ուզում Պետերբուրգից Թիֆլիս ուղարկվեմ էտապով։ Ծայրահեղ հալածանքի օրերն էին, կառավարությունը հայերի հետ հանաք չէր անում և բանտերը լեցնում էր շատ անգամ անմեղ պատանիներով։ Այդ կողմից ամենից շատ տուժում էր Ներսիսյան դպրոցի աշակերտությունը։

Թիֆլիս վերադառնալով, հակառակ իմ սպասածին, իսկույն չձերբակալվեցի։ Երկու ամսի չափ ազատ էի և ամեն վայրկյան սպասում էի կապույտ մունդիրներին։ Ձերբակալվելուց երկյուղ չունեի, մտահոգված էի միայն՝ «ի՞նչ պիտի ասեմ», որ հեղափոխական եմ, բայց չեմ. ի՞նչպես վերցնեմ ինձ վրա այդ պատիվը։ Որ դիլլետա՞նտ եմ, բայց հեղափոխությունը գրականություն չէ և ոչ էլ թատրոն, ինչո՞ւ ծիծաղելի դառնամ։ Հերքե՞մ ամեն բան և ասեմ՝ ոչինչ չգիտեմ, բայց ամոթ է, և ո՞վ կհավատա ինձ։ Դրությունս երկդիմի էր, մի կողմից տխուր, մյուս կողմից զավեշտական։ Ես նման