Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/225

Այս էջը հաստատված է

անհետացավ։ Դա մի հարված էր ինձ համար, ես արտասվելու չափ վշտացա, ինչպես մի մանուկ, որի ձեռքից խլել էին իր սիրած խաղալիքն ու աչքերի առջև փշրտել։

Բանտից դուրս գալուց հետո իմացա, որ ինձ մատիտ տվող բանտարկյալը մարդասպանության համար տասնուհինգ տարվա տաժանակիր աշխատանքի դատապարտված մեկն է։ Եվ այդ ոճրագործը բյուր անգամ մարդասեր եղավ, քան մի հայ բուրժուա։ Պատմեմ եղելությունը։ Մետեխի բերդի բնակչությունն այդ ձմեռվա արտաքո կարգի սառնամանիքի հետևանքով ցրտից տառապում էր, մանավանդ մենք՝ մեկուսացյալներս։ Վառարան յուրաքանչյուր սենյակում կար, բայց վառելիք չէին տալիս։ Բերդի տնտեսական կարիքների մատակարարումը օրենքի համաձայն քաղաքային ինքնավարության վրա էր։ Ընտրված էր իրավասուներից մի մասնաժողով, որի պարտականությունն էր, ի միջի այլոց, վառելիք մատակրարել։ Ես անձամբ ծանոթ էի այդ մասնախմբի նախագահի հետ. նրա անունն էր Նիկոլայ Սպիրիդոնովիչ Փրիդոնով, մի հղփացած հաստապարանոց, որ ռուս-թուրքական պատերազմի ժամանակ եղել էր կապալառու ու հարստացել էր։ Բանտապետի թույլտվությամբ դրեցի մի նամակ կնոջս, որ գնա, խնդրի այդ մարդուն ազատել խեղճ բանտարկյալներին, ի միջի այլոց և մեզ, քաղաքական մեղադրյալներիս, ցրտից հիվանդանալու վտանգից։ Ճարպակալած հայ մոքալաքը ոչ միայն խնդիրս արհամարհում է, այլև վիրավորում է կնոջս իր շրջանին հատուկ անկիրթ ընդունելությամբ։

Տարիներ անցան, մի օր Փարիզում այդ մարդը մի հասարակության մեջ մոտեցավ ինձ բարևելու։ Ես երեսս շուռ տվեցի, նրա ձեռը մնաց կախված օդի մեջ։ Նրա համար մեծ անարգանք էր, որովհետև ներկա էին մարդիկ, որոնց նա երկրպագում էր և որոնց հարգանքն էր մուրում։

Զգայուն մարդի համար մեկուսի բանտարկությունն ավելի տաժանելի է, քան ինքը տաժանակիր աշխատանքը։ Աշխարհից կտրված, մարդկանցից հեռու մեկուսացյալի միտքը զբաղմունք է պահանջում, և եթե այդ զբաղմունքը չկա, նա տառապում է անհունորեն։ Ես չէի կարողանում իմ միտքը կենտրոնացնել մի որևէ նյութի վրա, և ինձ թվում էր,