Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/230

Այս էջը հաստատված է

Մի քանի օր հետո կինս եկավ բանտ ինձ հետ տեսնվելու և ի միջի այլոք ասաց.

- Երեկ Ա.-նը եկավ ինձ մոտ և հնչակյան կուսակցության կողմից դրամ աոաջարկեց, ես մերժեցի ընդունելու, թեև կարիքի մեջ ենք...

- Շատ լավ ես արել մերժել ես,- ասացի ես,- եթե այդ Ա,-նը մի անգամ էլ գա, մի՛ ընդունիր նրան...

Պարզ է, որ ես չէի կարող իմ զավակների կերակուրը շաղախել մարդկային արյունով։

Բանտից դուրս գալով՝ տեղեկացա, որ իմ ենթադրությունը սպանության մասին ճիշտ է, և երբ Ա.-նը եկավ ինձ տեսնելու, բացեիբաց մերժեցի նրան ընդունելու, միևնույն ժամանակ առմիշտ հրաժարվեցի հնչակյան կուսակցությունից։

Բանտից ազատվելով, կարծում էի, որ դրանով վերջացավ իմ պատիժը։ Եվ իրավ, երկու տարի ազատ էի, բայց 1898 թվականի հունվարին մեզ հայտնեցին, թե ցարի հրամանով աքսորվում ենք Կովկասի սահմաններից երկու տարի ժամանակով։ Աղայանին, ինձ և մի քանի ուրիշներին իրավունք էր տրված ընտրելու աքսորման վայրը։ Ես ընտրեցի Օդեսա քաղաքը դարձյալ հրապուրվելով ծովի հեռանկարներով։

Այսպես վերջացավ իմ հեղափոխական գործունեությունը․․․

XVI

ՂԱԶԱՐՈՍ ԱՂԱՅԱՆ

Երբ ես հիշում եմ Ղազարոս Աղայանին, անիծում եմ բնությունը, որ մի փոքր վեհ չէ այդ տեսակ մարդկանց կյանքի վերաբերմամբ։

Ղաղարոս Աղայանը վախճանվեց ծեր հասակում, բայց մի՞թե յոթանասուն տարին ծերություն է մի մարդու համար, որ ինքը կյանքի մարմնացումն էր։ Հոգով արի, մտքով պայծառ