Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/238

Այս էջը հաստատված է

— Ա՛յ տղա, գարունը եկավ, բաղերը բացվեցին. ե՞րբ ենք գնում քեֆ անելու։

— Երբ որ փող կունենանք։

Մի քանի օր անցած՝ Աղայանը, ես և Հովհաննես Թումանյանը Բաքվից ստացանք մի-մի ծրար, յուրաքանչյուրի մեջ հարյուր հիսուն ռուբլու չեկ։ Մարդասիրական ընկերությունն էր ուղարկել։ Վարչությունն ավետում էր մեզ, թե երեքիս համար նշանակել է կենսաթոշակ ամսական, չեմ հիշում, հիսուն թե քսանհինգ ռուբլի և ահա ուղարկում է երեք, թե վեց ամսվա մեր թոշակը։

— Բայց էդ ո՞ր քամին է, որ հաստապարանոցների ուղեղը շուռ է տվել,— գոչեց Աղայանը, բարձրաձայն ծիծաղելով։

Հետո պարզվեց, որ հաստապարանոցներն ինքնակամ չեն արել այդ բանը, այլ մի խումբ գրասերների թելադրությամբ։

Այսպես թե այնպես, դա մեզ համար մի անակնկալ էր։ Անմիջապես որոշեցինք այս առաջին թոշակը գործադրել մեր վարկին արժանավայել կերպով։ Եվ սկսեցինք բարեխղճաբար այցելել Թիֆլիսի պարտեզները՝ Օրթաճալա, Վերա, Դիդուբե, մի խոսքով՝ ամեն տեղեր, ուր կարելի էր գտնել խորոված, կենդանի ձկնիկներ, լավ գինի և այլն։ Եվ գրեթե երկու օրը մի անգամ քեֆ էինք անում, այն էլ մեծ մասամբ երաժշտությամբ։ Աշըղ Ջիվանին մեր տրամադրության տակ էր, հրավիրում էինք, իսկույն գալիս էր իր խմբով։ Բարի մարդ էր, մեզնից փող չէր վերցնում։ Մենք էլ իսկի չէինք թախանձում, որ վերցնի, չկամենալով մեր արվեստակցի հպարտությունը վիրավորել…

Եվ այսպես, ամբողջ ամառը քեֆ արինք, բարեխղճաբար դատարկեցինք մեր գրպանները և հանգստացանք։ Վերջին անգամ մնացել էր հինգ ռուբլի, չեմ հիշում մեզնից որի գրպանում։ Վճռեցինք այդ էլ ուտել։ Այն Ժամանակ քեֆերը շատ էժան էին նստում, խորովածի բաժինը 30 կոպեկ, գինու շիշը 20 կոպեկ և այլն։ Կերանք, խմեցինք, Աղայանը «Քյոռ-Օղլի» երգեց, լավ փափկեցինք, Ջիվանին էլ մեզ հետ էր, այս անգամ մենակ։ Ձիաքարշով վերադառնում