դրամարկղը, Բաքվի եկեղեցին շրջապատեց զորքերով և ենթարկեց պաշարման։ Սկսվեց հրացանաձգություն ներսում ժողոված մի քանի հարյուր հայերի դեմ, որոնց մեջ կային և կանայք ու երեխաներ։ Այժմ էլ այդ եկեղեցու պատերի վրա կարելի է տեսնել գնդակների հետքերը։ Երիտասարդությունը, առանց կուսակցական խտրության, գրգռված էր ծայր աստիճանի և վրիժառության միջոցներ էր փնտրում։ Պարսկաստանից եկան մի քանի հնչակյան տեռորիստներ Գոլիցինին սպանելու նպատակով։ Նախքան իրանց մտադրությունն իրագործելը գնացին Աղայանի հետ խորհրդակցելու։ Ծերունին խնդրեց, թախանձեց նրանց այդ տեռորը չկատարել։ Նա նախազգում էր անհաջողությունը։ Տաքարյուն երիտասարդները չլսեցին նրա խորհուրդները և հայտնի է՝ ինչ ողբալի հետևանք ունեցավ այդ իրանց համար։ Գոլիցինը դաշույնի մի քանի թեթև վերքեր ստացավ ու չմեռավ, իսկ երեք փորձարարներից երկուսը սպանվեցին կազակների ձեռքով։
Որպես գրող Աղայանը իր ժամանակակիցների մեջ ամենաժլատն եղավ։ Իր ապրած տարիների համեմատ նա շատ քիչ արտադրեց։ Նրա բոլոր երկերը միասին ժողոված հազիվ թե երկու փոքրիշատե ստվար հատորներ կազմեն։ Պռոշյանը նրան միշտ ծաղրում էր․
— Երկու-երեք տետր ես գրել, միրուքդ ցցած ման ես գալիս։ Դու ի՞նչ գրող ես։
Նույնն էր ասում և Րաֆֆին, միայն ավելի նուրբ խոսքերով. իհարկե, թե՛ մեկը և թե՝ մյուսը գիտեին, որ շատ գրելը տաղանդի մեծություն չէ, բայց գիտեին նաև, որ ամեն մի քիչ գրող էլ «Դոն Հիշոտ» չի կարող ստեզծագործել։ Կար մի խոշոր տարբերություն մի կողմից Աղայանի, մյուս կողմից Րաֆֆիի ու Պռոշյանի մեջ։ Մինչ «Կայծեր»-ի հեղինակը և «Հացի խնդր»-ի հեղինակը չէին կարդում կամ շատ քիչ էին կարդում, Աղայանը ընթերցասեր էր, ինչպես ժրաջան դպրոցական։ Նա բավական կանոնավոր հետևում էր ժամանակակից օտար գրականություններին։ Ընթերցասիրությունն առհասարակ երկսայրի սուր է գրողի համար․ որքան նա քիչ է կարդում, նույնքան դյուրին է արտադրում և ընդհատ