Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/241

Այս էջը հաստատված է

հակառակը, որքան շատ է կարդում, նույնքան խիստ է վերաբերվում դեպի իր գրիչը։ Մտավորապես լուրջ զարգացած գրողը չունի այն ինքնավստահությունը դեպի իր ուժերը, որ ունի չափավոր զարգացման տեր գրողը։ Բացի այդ, ինքնազոհությունը միջակությունների հատկանիշն է։ Սրանով ես չեմ ուզում ասել, որ Ղազարոս Աղայանը միանգամայն զերծ էր այդ թերությունից, բայց նա ուներ քաջություն իր տկարությունը խոստովանելու։ Երբ ես նրան հարցնում էի.

— Ինչո՞ւ չես գրում, Ղազարոս։

Նա միշտ պատասխանում էր.

— Ա՛յ տղա, չի գրվում, ի՞նչ անեմ։

Եվ իրավ, թվում էր, որ մարդը միանգամայն սպառվել է 50-55 տարեկան հասակում։ Աղայանը գրեց մանուկների համար սիրուն ոտանավորներ և զմայլելի հեքիաթներ ու դարձավ մատաղ սերնդի ամենասիրելի հեղինակը և կմնա այդպիսին երկար ու երկար տարիներ։ Նա ունեցավ և իր հետևողները, որոնց մեջ, իհարկե, առաջին տեղում Հովհաննես Թումանյանն է։ Իսկ դա ինքնըստինքյան քիչ բան չէ։

XVII

ԱՂԵՏԻ ՆԱԽՕՐՅԱԿԻՆ

«Քաոս» վեպս գրելու ժամանակամիջոցին, այն է՝ 1896-97 թվականներին հաճախ ես գնում էի Բաքու, վաղեմի տպավորություններս նավթային աշխարհից վերստուգելու և թարմացնելու համար։

«Քաոս»-ի գաղափարն իմ մեջ հղացել էր տասնուհինգ տարի առաջ, այսինքն այն ժամանակ, երբ ես դեռ Բաքվումն էի ապրում։ Դա մի գերդաստանի ընտանեկան կյանքի խռովությունն էր, որ ինձ վրա թողել էր խորը տպավորություն։ Երկար տարիներ ես որոճում էի այդ գաղափարը և չէի վստահանում գրի անցկացնել, մանավանդ որ սկզբնական շրջանակը քանի գնում, այնքան ընդարձակվում էր իմ