ու պահապանն էր եղել սայթաքումների ժամանակ։ Մի օր նա ինձ հրամայողաբար շշնջաց.
— Ինչ ես անում, մա՛րդ, դա քո տեղը չէ, փախի՛ր։ Եվ ես փախա, տանելով ինձ հետ քաոսի ծանր ու դաժան տպավորությունները։
«Քաոս»—ը տպվեց Բաքվա «Արոր» տպարանում, եթե չեմ սխալվում, 3000 օրինակ, որ այն ժամանակվա բարձրագույն տիրաժն էր։ Վեպի մեջ ցենզուրական ջնջումներ եղել են, միայն չեմ հիշում՝ ո՛ր մասերում։ Բանվորական կյանքը նկարագրելիս ձեռքս կաշկանդված էր, և պետք է զարմանալ, որ մտքի դահիճ Ղարախանյանը բաց է թողել այնքան ևս, որքան մնացել է վեպի մեջ։
Գրքի տպագրությունը զուգադիպեց աքսորմանս ժամանակի հետ, ուստի, բացակա լինելով, չկարողացա սրբագրել և մի քանի հնարավոր հավելումներ մտցնել նրա մեջ։ Երբ աքսորից վերադարձա, գիրքը գրեթե բոլորովին սպառվել էր։
«Քաոս»—ից հետո նորեն վճռեցի ուժերս փորձել թատերագրության մեջ։ Տասը տարվա մեջ բավական ուսումնասիրել էի բեմական արվեստը։
Ամառային երկու ամիսների ընթացքում գրեցի «Եվգինե»—ն։ Այս անգամ բախտն ինձ ժպտաց, ավելի քան սպասում էի։ Պիեսը ոչ միայն չտապալվեց, այլև ուժգին ծափահարվեց ու արժանացավ ռուս մամուլի գովասանքին։ Ասում եմ ռուս մամուլի, որովհետև հայ մամուլը... արժե պատմել նրա այն ժամանակվա բարոյական կերպարանքը բնորոշող հետևյալ փաստը...
«Եվգինե»—ի առաջին ներկայացումը վերջացնելուց հետո բեմի ետև վազեց, ի միջի այլոց, և «Մշակ» լրագրի ռեցենզենտը, գերմանական համալսարան ավարտած Նալբանդյան ազգանունով մեկը։ Իսկապես մի բարեխիղճ, բայց շատ խեղճ երիտասարդ։ Այդ տղան դերասան—դերասանուհիների ներկայությամբ արտահայտեց իր հիացումը պիեսով և ասաց ավելին, քան արժեր իմ երկը։ Հինգ թե վեց օր անցած՝ «Մշակ»—ի մեջ երևաց նրա մի մեծ բանասիրականը։ Կարդում եմ և ապշում։ Ռեցենզենտը ոչ միայն այն չի գրում, ինչ որ ասել է հեղինակին դերասանների ներկայությամբ,