այլև ամեն կերպ աշխատում է պիեսը ոչինչի հավասարեցնել։ Հետևյալ օրը Հովհաննես Աբելյանը և ես զբոսնում էինք Գոլովինսկի (այժմ Ռուսթավելու) պրոսպեկտի վրա։ Հանդիպում ենք Նալբանդյանին։ Աբելյանը վրդովված է ավելի, քան ես։
— Պարոն,— բռնում է նա Նալբանդյանի օձիքը,— դուք ե՞րբ եք ազնիվ՝ խոսելու, թե՞ գրելու ժամանակ։
— Ի՞նչ է պատահել,— շփոթվում է խեղճ ռեցենզենտը գողության մեջ բռնված մանկան պես։
— Դուք չէի՞ք, որ «Եվգինե»-ի ներկայացման երեկո խոսքեր չէիք գտնում պիեսը գովելու համար, իսկ լրագրում այդ ի՞նչ եք գրեր Խեղճ տղան այլայլված և կակազելով պատասխանում է․
— Այն երեկո ես խոսում էի որպես հանդիսական, իսկ լրագրում գրել եմ որպես քննադատ։ Ես ծիծաղում եմ։ Աբելյանն ասում է.
— Առաջին անգամն եմ հանդիպում այդպիսի մի տարօրինակ ռեցենզենտի։
Ես կռահում եմ, որ խեղճ տղան չի ուզում ճշմարտությունն ասել։
— Գիտե՞ք, պարոն,— դառնում եմ ես նրան ամենայն հանդարտությամբ,— ես զգում եմ, որ երեկվա հոդվածը ձերը չէ, թեև կրում է ձեր ստորագրությունը։ Իբրև ազնիվ մարդ, խոստովանեցեք, որ խմբագրությունը փոփոխել և աղավաղել է ձեր գրվածքը։
Խեղճ ռեցենզենտը երկար տատանումներից հետո, վերջապես, խոստովանում է ճշմարտությունը։ Պարզվում է, որ նրա հոդվածը փոփոխել է «Մշակ»-ի գլխավոր աշխատակից և փաստական խմբագիր Առաքել Բաբախանյան Լեոն։
Զարմանալին այն էր որ Լեոն պիեսի ներկայացմանը թատրոն չէր եկել։ Բանի որ այդ մարդու անունը հիշեցի, պատմեմ և մեկը նրա հայ գրողների և մասնավորապես իմ դեմ գործած հարյուրավոր քաջագործություններից։ 1903 թվականին, երբ հրատարակում էի մի երկերի ժողովածու, «Կենտրոնական» կոչված մի գրավաճառանոցի հանձնարարեցի այդ մասին հայտարարություն տալ «Մշակ» և «Նոր-Դար» լրագրերին։