Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/251

Այս էջը հաստատված է

բացատրեցի իմ այցելության նպատակը։ Աղաևը գլուխը թեքեց կրծքին և, սև ակնոցների տակից նայելով ինձ, ասաց հեգնական ժպիտով.

— Ահ, ձերոնք ա՞յժմ են զգում արյան հոտը։ Իսկ մենք այդ զգում ենք վաղուց։

Ես, իհարկե, չէի կարող ասել, որ մերոնք այժմ էլ չեն զգում։

— Շիրվանզադե,— շարունակեց Աղաևը ավելի մտերմաբար,— Բաքվի հայ ինտելիգենցիան տեղի-անտեղի պարծենում է, որ հայերը կուլտուրապես շատ և շատ բարձր են մեզնից։ Չեմ ժխտում, որովհետև այդ մասամբ ճիշտ է և միայն մասամբ։ Բայց եթե ենթադրենք, որ մենք թուրքերս չունենք ոչ մի կուլտուրական առաջացում, ապա չպիտի մոռանալ, որ մենք միևնույն երկրում ենք ապրում կից առ կից։ Երբ հարևաններից մեկը տեղից շարժվում է, մյուսն եթե անզոր է շարժվելու, երկու ձեռներով ծանր քարի պես կառչում է նրա ոտներին։ Դուք պարտավոր եք մեզ էլ ձեզ հետ վեր բարձրացնելու, այլապես մենք ձեզ էլ կքաշենք վար, և երկուսս միասին կխեղդվենք խավարի ճահճում։

Ի՞նչ կարող էի առարկել այդ խոսքերի դեմ, եթե ոչ տալ իմ անպայման հավանությունը։ Որոշեցինք խորհրդակցության հրավիրել քսան մարդ, տասը հոգի թուրքերի, տասը հոգի հայերի կողմից։ Ես կանխավ արդեն բժիշկ Զաքարյանի հետ կազմել էի հետևյալ ցուցակը հայերից. բժ. Զաքարյան, Ներսես Աբելյան, Միքայել Պապաջանյան, Սամսոն Հարությունյան, Գարեգին Ենգիբարյան, բժ. Միքայել Ջալյան, Աստվածատուր Վաչյան և ես. մնացյալ երկուսի անունը մոռացել եմ։ Կոստանդին Խատիսյանն, իհարկե, չէր կարող մտնել ցուցակի մեջ։

Մինչև Աղաևը կազմում էր իր ցուցակը, ես մի հայացք գցեցի նրա գրադարանի վրա. երկու թե երեք պահարանների մեջ կանոնավոր շարված էին մի քանի հարյուր գրքեր մեծ մասամբ ֆրանսերեն լեզվով և բոլորն էլ շքեղ կազմերով։ Կարդացի ֆրանսիական հեղինակների անունները: Բուալո, Բոսյուե, Վոլտեր, Ժան-Ժակ Ռուսո, Մոլիեր, նորերից՝ Բալզակ, Ֆլոբեր, Էմիլ Զոլա և այլն։ Եթե մեծամիտ