— Այո, իհարկե, լավ կլինի,— արտասանեց նախագահ ասան-բեգ Մելիքովը մի նուրբ հեգնական ժպիտով, որի իմաստը դժվար չէր գուշակել։
Ժամանակն էր ընդհատել այդ «ամիկոշոնությունը», որ ոմանց տեսակետից քաղաքագիտություն էր։
Ես ասացի.
— Պարոններ, դուք շատ լավ գիտեք, որ մենք դրա համար ենք հրավիրել ձեզ։ Դիմենք էական խնդրին։ Ես երկար չեմ խոսիլ։ Անկասկած, դուք նկատում եք, որ վերջին ժամանակներն օր-օրի վրա մեր հարաբերությունները լարվում են:
Ներկայումս Բաքվի մեջ կատարվում են դեպքեր, որոնք սպառնում են շատ աղետալի հետևանքներ թե՛ հայերի և թե՛ թուրքերի համար։ Խոսենք այս մասին։
— Այդ դեպքերը մասնավոր են և ոչ մի հասարակական արժեք չունեն,— ընդմիջեց ինձ Սամսոն Հարությունյանը։
— Ներողություն, մասնավոր չեն,— գոչեց Աղաևը,— յուրաքանչյուր անհատական ոճիր մի կայծ է ապագա հրդեհը վառելու համար:
Հուսեյնովն ավելացրեց.
— Ես ևս, ինչպես Շիրվանզադեն, դրսից եկած մարդ եմ և նկատում եմ, որ երկու հարևան ժողովուրդների ընդհարումը Բաքվի մեջ ավելի քան հավանական է։
Ինձ համար պարզ էր, որ այդ մարդն ավելի գիտեր, քան ես։ Հետո պարզվեց, որ նա Կ.-Պոլսից նոր եկած էմիսար է։
Այլևս զգաստությունից կաշկանդված լեզուները բացվեցին, և յուրաքանչյուրը հաստատեց նույնը։ Եղան պարզ ակնարկներ, թե կա մի աներևույթ տարր, որ չար դավեր է լարում երկու ժողովուրդներին իրարու դեմ զինելու, այլ խոսքով՝ մեր ձեռքով մեզ ոչնչացնելու համար։
— Իսկ եթե մենք չկամենանք ընդհարվել,— հարցրի ես,— չե՞նք կարող այդ դավադիր տարրը չեզոքացնել։
— Իհարկե, կարող ենք,— արտասանեցին մի քանիսը։
— Ահա այդ մասին է, որ մենք ձեզ հրավիրել ենք խորհրդակցության։
Մեր ժողովը տևեց մինչև կեսգիշեր։ Ոչ մի գործնական եզրակացության չհանգեցինք։ Փոխադարձ հավատի բացակայությունը