Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/263

Այս էջը հաստատված է

կռվելու համար չեմ եկել։ Մելիք-Ասլանովն ասաց ինձ, թե ինչու համար է ինձ բերել։ Ինչպես իմ, նույնպես և ձեր պարտականությունն է ամեն կերպ հանգստացնել ժողովրդին, սուտ լուրերին վերջ տալով։ Բարի գիշեր։

Որքան ևս տխմար լիներ այդ բեգը, այնուամենայնիվ շփոթվեց, մի վայրկյան ամաչելով իր հիմարությունից։

— Ներողություն, պարոն Շիրվանզադե,— ասաց նա, հրացանը մի կողմ դնելով,— ես կատակ էի անում։ Սուլեյման, թեյ պատրաստիր հյուրերի համար։

— Շնորհակալ եմ,— ասացի ես,— մնացեք բարով։

Ասացի և դուրս եկա։ Մելիք-Ասլանովը հետևեց ինձ։

— Այ փուչ մարդ, այ անասուն,— գոչեց նա փողոցում վրդովված,— ներողություն, պարոն Շիրվանզադե, ես չգիտեի, որ այդ մարդն այդչափ հիմար է։ Այսօր կեսօրին նա սարսափից դողում էր, ես ձեզ տարա նրան էլ հանգստացնելու, թե երկյուղ չկա հայերից, և հանկարծ այդպիսի պարծենկոտություն։

Վերադարձա տուն գիշերվա երկու ժամին։ Պառկեցի քնելու, չկարողացա։ Խիղճս հանգիստ չէր։ Ինչպես համարձակվեցի վկայել, թե թուրքերին վտանգ չի սպառնում, քանի որ չգիտեմ ինչ են խորհում դաշնակցականները․ միգուցե իրո՞ք ծրագրել են բարդուղիմեոսյան գիշեր։

Ես վեր կացա, նորեն հագնվեցի, պետք է ինչպես ևէ ճշմարտությունը գիտնալ դաշնակցականներից։ Այն ժամանակ ես իմ ընտանիքով կենում էի բժիշկ Լոռու-Մելիքյանի տանը Բեհբության և Վելիամինովսկայա փողոցների անկյունում։ Ես վարի հարկումն էի, իսկ վերին հարկում դաշնակցական ղեկավարներից մեկը — լավ չեմ հիշում՝ Կարո Բաստրմաճյա՞ն, թե՞ բժիշկ Համո Օհանջանյանը։ Բարձրացա վեր, տանը ոչ ոք չկար։ Դուրս եկա փողոց։ Այդ օրերին դաշնակցականները գիշերները շարունակ հսկում էին հայաբնակ արվարձանները, փողոցները թափառելով։ Երևանյան հրապարակի վրա հանդիպեցի Կարո Բաստրմաճյանին։ Մի քանի երիտասարդներով շրջապատված, ինչ-որ կարգադրություններ էր անում։ Հետո իմացա, որ դաշնակցության զինապահեստը նրա իրավունքի ներքո է։