Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/265

Այս էջը հաստատված է

երկյուղի մեջ՝ միգուցե հրդեհը բռնկվի, և իմ խիղճը դատապարտվի հավիտենական տանջանքի...

Բարեբախտաբար այդ գիշեր ոչինչ չպատահեց...

XIX

ԴԵՊԻ ԵՎՐՈՊԱ

Գրականության տարի չէր 1905 թվականը։ Որքան ևս ամուր ներվեր ունենար գրչի մարդը, չէր կարող հանգիստ նստել գրասեղանի քով։ Եվ ո՞վ կտար նրան հանգստություն, քանի որ միջավայրը խռովվել էր։ Եթե նա կյանքից փախչելու կամք ունենար, ինքը կյանքը կհետևեր նրան ու կհալածեր։ Իսկ կյանքը հեղաշրջվում էր օր-օրի վրա։ Ռուսաստանում գրեթե հեղափոխություն էր, Կովկասում առայժմ միայն ազգամիջյան ընդհարումներ և արյունահեղություն։

Շատերի պես ես էլ հոգնել էի հանրային տվայտանքներից։ Միտքս չէր գործում ամենևին կամ գործում էր միայն մի ուղղությամբ՝ ինչպես ապրել և ապրեցնել մերձավորներիս․ փորձում էի գրել — գրիչս բևեռվում էր առաջին տողի վրա ու առաջ չէր շարժվում։ Բացի դրանից, որդիներս ավարտել էին միջնակարգ դպրոցը, հարկավոր էր հոգալ նրանց ուսման շարունակության մասին։ Մեծ որդիս գնաց Ռուսաստան ուսումը շարունակելու, երկու ամիս անցած` վերադարձավ։ Բոլոր բարձրագույն դպրոցները փակվել էին. ե՛րբ պիտի բացվեին և բացվելու՞ էին արդյոք — հայտնի չէր։ Թիֆլիսն այլևս ոչ մի հրապույր չուներ ինձ համար։ Ես ձանձրանում էի և գիտեի, որ ձանձրույթը մտքի ու հոգու ցեցն է։

Կար և մի ուրիշ, ինձ համար ավելի կարևոր, հանգամանք — հայ գրական միջավայրի նեխվածությունը։ Ես բարեկամներ չունեի գրչի մարդկանց շրջանում և չէի էլ ուզում ունենալ։ Փորձել էի մեկ-երկուսի բարեկամությունը, հիասթափվել էի։ Քսու նախանձ, գաղտնի թշնամություն,