Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/27

Այս էջը հաստատված է

այնպիսի արագությամբ, որ խոսքերն իսկապես կարկտի նման էին տեղում քեռուս գլխին։ Նա ինքն երբեք չէր ճամփորդում, բայց գիտեր բոլորը, ինչ որ անցնում էր Կասպից ծովի վրա և նրա նավամատույցներում, սկսած Բաքվից մինչև Ռուսաստան, Պարսկաստան և Թուրքեստան։

Մի օր Կարկուտ Գասպարն իր բարեհաճ ուշադրությունը դարձրեց ինձ վրա։

— Մի՞ տղան է։

— Քրոջս,— պատասխանեց քեռիս:

— Նո՞ր է եկել։

— Հա։

— Չի՞ համար,— հետաքրքրվեց Գասպարը, ապակիների կիսարկղը դնելով քեռուս դազգահի վրա։

— Եկել է գործի մտնելու։

Առանց մի վայրկյան խորհելու Կարկուտ Գասպարը խորհուրդ տվեց ինձ ծովային ծառայության մեջ մտնել։

— Ինչ է, ուզում ես, որ մատրոս դառնա՞,— հարցրեց քեռիս հեգնական ժպիտով։

— Չէ, նավի գործակատար, ապրանք գրող։

Եվ իսկույն խոստացավ ինձ համար պաշտոն գտնել լավագույն շոգենավերից մեկի վրա։

— Շնորհակալ ենք,— ասաց քեռիս իր սովորական հեգնանքով,— դեռ թող ցամաքը վերցնենք, հետո ծովերը կգրավենք մինչև Հնդստան։

Բայց ես քեռուս հետ համաձայն չէի։ Ծովն էր ինձ համար դրախտը։ Ես հափշտակվեցի Կարկուտ Գասպարի խորհրրդով և այդ րոպեից սիրեցի նրան։ Երբ նա, ապակիների կիսարկղը ուսերի վրա դնելով, հեռացավ, վազեցի նրա ետևից և, հազիվ կարողանալով հասնել, հարցրի.

— Գասպար ապեր, դու իսկապես կարո՞ղ ես ինձ համար պաշտոն գտնել որևէ շոգենավի վրա։

Նա ներողամտաբար ժպտաց, հասկացնելով ինձ, թև դրանից ավելի դյուրին բան չկա իր համար։

— Լող տալ տե՞ս, լող տալ,— հարցրեց նա։

— Ոչ, չգիտեմ։