Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/273

Այս էջը հաստատված է

հանձն առավ տոմսակ գնելու և մեր իրերը տեղավորելու ծանրությունը և ջերմորեն ողջերթ մաղթելով մեզ, հեռացավ մշտական ժպիտն երեսին։

Եվրոպական գնացքների արագությունն այն ժամանակ ինձ համար մի անսովոր երևույթ էր։ Սովորած լինելով Ռուսիայի գնացքների դանդաղ շարժմանը, թվում էր ինձ, որ ահա—ահա մեր գնացքը պիտի խորտակվի կամ գծից դուրս շպրտվի, մանավանդ Բելգիայի սահմաններում, ուր այն ժամանակ երկաթուղային երթևեկությունը, ինչպես ասում էին, ավելի արագընթաց էր, քան եվրոպական ուրիշ որևէ երկրում։

Գեղեցիկ է, շատ գեղեցիկ Բելգիան իր արգավանդ դաշտերով, ոչ բարձր անտառապատ լեռներով, մեղմ կանաչազարդ բլուրներով և բազմաթիվ գետերի հանգիստ ու անվրդով հոսանքներով։ Թվում է, որ անցնում ես կատարելապես մշակված պարտեզներով ու այգիներով թվում է, որ այդ երկրում չկա և չի կարող լինել ոչ մի թիզ հող անմշակ։ Թվում է, որ այդ խորապես արդյունաբերական երկրի անթիվ գործարանները բնության գեղեցկությունից չեն կորզել և ոչ մի հյուլե։ Նույնիսկ այդ դալարազարդ գեղեցիկ բլուրների վրա հատ-հատ նշմարվող գորշագույն դղյակները, արյունոտ դարերի այս խոժոռադեմ վկաներն անգամ, կարծես, երկրի ժամանակակից մշակույթից հաղթահարված, ակամա ժպտում են ճամփորդին, ամաչելով իրենց անցյալից։ Եվ ես, հետամնաց մի երկրի ծնունդս, հիանալով քաղաքակիրթ Բելգիայի բնության մնայուն գեղեցկությամբ, կամա-ակամա մտքումս վրդովվում եմ Ջոն Ռեոսկինի դեմ, որ այնքան անարդար բողոքում էր երկաթուղիների ու գործարանների դեմ, համարելով նրանց բնության հրաշալիքների «ապականիչներ»։ Հապա ինչո՞ւ նրանք այստեղ արդյունաբերության այս ծաղկյալ վայրում, ոչինչ չեն ավրել կամ աղարտել, և ինչո՞ւ շոգեկառքի ծուխը նույնիսկ մի տեսակ նոր գեղեցկություն է տալիս կանաչազարդ անտառներին ու ծաղկավետ բլուրներին։ Սակայն հղփացած անգլիացի էսթետի բողոքն արդեն նրանով իսկ ծիծաղելի էր, որ նա իր իրերն ուղարկում էր երկաթուղով, իսկ ինքը ճամփորդում էր ձիով կամ կառքով։ Դա էլ, երևի, մի տեսակ բուրժուական խենթություն էր։