Բելգիայում կանգ չառանք, Փարիզն էր ձգում մեզ, մանավանդ ինձ, այն քաղաքը, որ պատանեկությանս ու երիտասարդությանս երազն էր եղել։ Հասանք այնտեղ իրիկնադեմին։ Բայց ի՞նչ հիասթափում առաջին իսկ հայացքից։ Փարիզն իմ երազների մեջ միշտ եղել էր պայծառ արևի ներքո լուսավառ գույների աշխարհ, և ահա ի՞նչ գորշություն. երբեք չէի կարող երևակայել։ Չնայելով օգոստոս ամսին, եղանակը ցուրտ էր. բարակ անձրև էր մաղում թեթև մառախուղի միջով և ցեխոտում մայթերն ու սալահատակները։
Կայարանում մեզ դիմավորեց կնոջս եղբայրը, բժիշկ Հովհաննես Լոռու-Մելիքյանը, որը այն ժամանակ ղեկավարում էր դաշնակցության ծախքով հրատարակվող «Pro Armenia» թերթը, որի մասին կխոսեմ հետո, եթե տրամադրություն կունենամ խոսելու։
Առաջին երեկո իջևանեցինք բժշկի բնակարանում, որ գտնվում էր լատինական արվարձանի Սեն-Միշել բուլվարի վրա, Լյուքսեմբուրգ պարտիզի դեմ։ Դա մի շատ համեստ կացարան էր երկու թե երեք ոչ ընդարձակ սենյակներից բաղկացած։ Որդիներս տեղավորվեցին մերձակա ուսանողական հյուրանոցներից մեկում։
Ճաշելուց ու մի փոքր հանգստանալուց հետո անզսպելի ցանկություն զգացի դուրս ելնել, անհամբեր էի ինչպես երեխա։ Երանելի՜ վայրկյաններ։
Անձրևը դադարել էր, եղանակը փափկացել. հետագայում նկատել եմ, որ աշնանը երեկոները Փարիզում առհասարակ եղանակն ավելի մեղմ է լինում, քան ցերեկները։ Դա էլ, երևի, այդ երջանիկ քաղաքի բացառիկ հատկություններից մեկն է։ Սեն-Միշելը, կամ ինչպես սովորաբար անվանում են, Բուլմիշը լատինական արվարձանի այն ժամանակվա ամենակենդանի բուլվարն էր և ուսանողության սիրեցյալ զբոսավայրը։ Առաջին բանը, որ գրավեց իմ ուշադրությունը, ոչ կաֆեների պայծառ լուսավորությունն էր, ոչ աղմկալի երաժշտությունը և ոչ էլ կանանց բազմությունը, այլ բեղավոր ու մորուսավոր տղամարդկանց մի հոծ բազմություն, որ, թղթե գույնզգույն կալպակներով զարդարված, վազում էր