անտարբեր նայում է ու հեգնորեն ժպտում։ Պատանին գլխարկը վերցնում է ու դիմում նայողներին իր «վարձը» մուրալու։ Ամբոխը շտապում է ցրվել, խնայելով իր սուերը։ Այնուամենայնիվ մի քանիսը պղնձե դրամներ են ձգում գլխարկի մեջ։ Բայց ահա ճիշտ այդ պահին մոտենում է ոստիկանական աժանը և մուրացկանին, թևից բռնելով, հեռացնում է։ Թող գնա և մի ուրիշ ոստիկանի ռայոնում ցույց տա իր «հրաշքները»։
Կան և սրամիտ հնարագետներ։ Ահա մեկը գետնի վրա դրել է տախտակի կտորներից շինած երկու մարդուկներ և, թելի ծայրից բռնած, հրամայում է նրանց պարել, կռվել, գրկախառնվել, համբուրվել, և մարդուկները կատարում են նրա հրամանները։ Ընդամենը երկու սու արժե։
— Ի՜նչ բան է երկու սուն, մի տուփ լուցկի։
Շատերն են գնում սրամիտ խաղալիքը, տանում են տուն, փորձում են, և բան չի դուրս գալիս։ Պարզվում է, որ մարդը իր գյուտի գաղտնիքը խոհեմաբար իր համար է պահել։
Ահա մի ուրիշը։ Մի նիհար, գունատ ու կծկված ծերունի, քաղցը և հոգեկան տառապանքներն են վաղաժամ աղավաղել նրա դեմքը։ Նա թելի մի կտոր անց է կացրել լուցկիների դատարկ տուփի միջով և ինչ-որ փոշիով ողորկել։ Նա թելը քաշում է այս կողմ, այն կողմ, և լսվում է նոր ձու դրած հավի կչկչոց, կատարյալ հավի կատարյալ կչկչոց։
Այդ էլ արժե երկու սու։ Փոքր որդիս գնեց մեկը, տանը փորձեց, և դարձյալ բան դուրս չեկավ։ Ցրտի և կարիքի այդ, ըստ ամենայնի ներելի, հառաչանքները, ազդում են նորեկի վրա միայն առաջին պահ, հետո դառնում են սովորական։ Բայց ահա այն, ինչ որ տակն ու վրա է անում մարդու հոգեկան աշխարհը, գրգռելով նրա ծայրագույն նողկանքն ու զզվանքը։ Խոսքս այդ հարյուրավոր ու հազարավոր գիշերային «թիթեռների» մասին չէ, որոնք իրանց թանձր շպարած երեսների յուղոտ ժպիտներով և արվեստականորեն խոշորացրած աչքերի հրավերով ճամփա չեն տալիս անցորդներին, առաջարկելով նրանց իրենց լլկված ու կազմալուծված մարմինները։ Բուրժուական աշխարհի