Այս էջը հաստատված է
ավելի բացասական, քան դրական, Boulevard համարվում են այն փողոցները, որոնք մյուսներից ավելի լայն են և ծառատունկ։ Avenue կոչվում են այն նույնպես լայն ու ծառազարդ փողոցները, որոնք սկիզբ են առնում որևէ խոշոր մոնումենտից կամ պետական հոյակապ շինությունից։ Գլխավոր կոչված բուլվարները սկսվում են Մաղըլեն տաճարից և հետևում են իրար մինչև Սենայի ափերը։
Ընդհանուր առմամբ Փարիզը բաղկացած է երեք գլխավոր մասերից—կենտրոնական, աջափնյա (rive droite,) և ձախափնյա (rive gauche)»: Կենտրոնը գլխավոր բուլվարներս են ու նրանց շրջակայքը։ Այստեղ է, ի միջի այլոց, և Շանզելիզեն, աշխարհի ամենալայն և ամենագեղեցիկ փողոցը և Place de la Concorde սքանչելի հրապարակը, որ զարդարված է Նապոլեոն Մեծի Եգիպտոսից բերած օբելիսկով և Ֆրանսիայի տասներկու գլխավոր քաղաքների խորհրդավոր արձաններով։ Մեկն այդ արձաններից — Ստրասբուրգինը այն ժամանակ կրում էր սգո նշան։ Այժմ, երբ վերջին պատերազմից հետո Ալզաս-Լոռեն նահանգը նորեն անցել է Ֆրանսիայի ձեռքը, նրա գլխավոր քաղաքը ազատվել է սգո նշանից։ Կենտրոնումն են տեղավորված մեծ մասամբ խոշորագույն առևտրական տները, մագազինները, բորսան, բանկերը, մեծ թատրոնները և այլն։ Դա Փարիզի ամենաբուրժուական մասն է, այսպես ասած, նրա գրպանն ու որովայնը։ Ուղեղը Սենայի ձախ ափն է։ Այստեղ են Լատինական արվարձանը, համալսարանը, Կոլլեժ դը Ֆրանսը, պառլամենտը, Պանթեոնը, Սենատը, Օբսերվատորիան, խոշոր հրատարակչական ընկերությունները, սկսած Հաշետից։ Այստեղ է նաև ֆրանսիական ռոմանտիկ վիպասանների ու բանաստեղծների այնքան անգամ նկարագրած ու երգած Սեն-Ժերմեն արվարձանը, որ սկսելով Օուրբոնների պալատից (այժմյան պառլամենտը), հասնում է մինչև Լատինական արվարձանը։ Հին արիստոկրատիան այժմ էլ մեծ մասամբ այդտեղ է կենում, կաշվից ելնելով պահպանելու իր դարավոր սովորություններն ու ավանդությունները և անզորապես ատելով բուրժուազիային կամ, ավելի ճիշտն ասած, նախանձելով նրա հարստությանն ու զորությանը...