Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/28

Այս էջը հաստատված է

— Դու լող սովորի, մնացյալը հեշտ է, շատ հեշտ,— ասաց Գասպարը և, ապակիների կիսարկղը մի ուսից մյուսի վրա դնելով, հեռացավ։

Նրա խոստումն ինձ միանգամայն ոգևորեց։ Ես հավատացի նրա կարողությանը։ Թվում էր ինձ, որ այդպես արագ խոսող և արագ քայլող մարդու համար կյանքի մեջ անկարելի բան չի կարող լինել։

Ես վճռեցի լող տալը սովորել, թեև ոչնչից այնքան մեծ երկյուղ չունեի, որքան ծով մտնելուց։ Բայց ես լսել էի, որ գեր մարդիկ շատ դյուրին են սովորում լողալը։ Որովհետև այն ժամանակ ես բավական գեր էի, ուստի վճռեցի փորձել: Մի օր լողարանում պարանը բաց թողեցի, հուսալով, որ ջրի երեսին կմնամ ուրիշի պես, և իսկույն արճճի գնդակի պես ընկա ծովի հատակը։ Բարեբախտաբար, սանդուղքը մոտ էր, բռնեցի և վեր բարձրացա։

Հետագայում շատ անգամ եմ փորձել, և երբեք չկարողացա լողալ սովորել։

Ամեն անգամ Կարկուտ Գասպարին հանդիպելիս հիշեցնում էի նրան իր խոստումը։ Եվ նա ազնվաբար ոչ միայն ետ չէր կանգնում իր խոսքից, այլև ավելի հուսադրում էր ինձ, ամեն անգամ հավատացնելով, թե իր համար անկարելի բան չկա ծովային աշխարհում։ Եվ երբեք չէր մոռանում հարցնել.

— Լող տալ սորցի՞ր, լող տալ:

— Այո,— ստեցի ես մի օր, վերջապես ամաչելով խոստովանել իմ անշնորհքությունը։

— Աֆարիմ, աֆարիմ,— գովեց ինձ Կարկուտ Գասպարը, իր մազմազոտ ձեռը ուսիս զարկելով,— դե հիմի շորերդ փոխիր, շորերդ:

Նա ուզում էր ասել, որ հագուստս անվայել է ապագա պաշտոնս ստանալու համար։ Բանն այն է, որ ես Բաքու եկել էի Շամախու հագուստով, այն է արխալուղով, չուխայով, չմուշկներով և Բուխարայի մորթուց կարած գդակով: Հայրս ատելով ատում էր նորաձև հագուստները և հագնողներին անվանում էր «հողկաբազ», որ շատ մեծ վիրավորանք էր։