Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/281

Այս էջը սրբագրված է

հայացք է թվում։ Ընդհակառակը, գուցե ոչ ոք չգիտե իր դրամն ու ժամանակը այնպիսի չափավորությամբ ծախսել, որպես ֆրանսիացին և մասնավորապես փարիզեցին։ Նրա առասպելական խնայողությունը հաճախ հանգում է ժլատության։

II

ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐՈՒՄ: ՌՈԴԵՆԸ: ԹԱՏՐՈՆՆԵՐԸ

Մի քանի օր բնակարանի ու զավակներիս դպրոցներում տեղավորելու խնդրով զբաղվելուց հետո ես ազատ էի և ժամանակիս տերը։ Վճռել էի առայժմս թողնել գրական պարապմունքներս և զբաղվել ինձ համար նոր աշխարհի ուսումնասիրությամբ։ Դժբախտաբար, թեթևամտություն էի ունեցել Թիֆլիսում հրատարակվող մի հայ լրագրի (եթե չեմ սխալվում «Արշալույս» էր նրա անունը) խոստանալ Փարիզից հաղորդելու իմ տպավորությունները։ Այդ լրագրի տերն ու տնօրենը Գ. Մ. Կ.-յան անունով մի կոկված ու շպարված երիտասարդ էր։ Կյանքի մյուս ասպարեզներում անհաջողությունների հանդիպած մի փոքրիկ բուրժուա էր, եկել փաթաթվել էր հայ գրականության անպաշտպան պարանոցին և «հրապարակախոսության» մեջն էր ճգնում փնտրել իր բախտը։ Սահմանափակ խելքի տեր, նեղսիրտ և վերին աստիճանի նյութամոլ ու ժլատ մեկն էր, թեև համալսարանական։ Բարեբախտաբար, ես շատ շուտով ճանաչեցի նրան և մի քանի շտապ գրված հոդվածներից հետո շտապեցի կտրել ամեն մի հարաբերություն այդ մարդու և նրա լրագրի հետ, անգամ հրաժարվելով ինձ հասանելիք հոնորարից։

Նյութական կողմից այնքան էլ ապահով չէի։ Դարձյալ, գրականությունն էր իմ ապրուստի քիչ թե շատ կայուն աղբյուրը։ Բայց որդիներիս կրթությունն ապահովված էր։ Ռուբենը Ալեքսանդր Մանթաշյանի սանն էր, իսկ Արմենն Ալեքսանդր Մելիք-Ազարյանինր։ Առաջինին ուղարկեցի Բելգիա Լիեժի աշխարհահռչակ Պոլիտեխնիկումը մտնելու,