հաջողությամբ քննություն տվեց և մտավ Փարիզի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Աղջկաս, Մարգարիտին տվեցի Մոնպարնասյան արվարձանի կոմյունալ ուսումնարանի, որտեղից նա երեք տարի հետո անցավ Ֆենելոնի անվան լիսեն։ Այսպես թե այնպես, գոհ էի կյանքից, նույնիսկ երջանիկ էի զգում ինձ։ Երջանիկ, որ ընկել եմ եվրոպական բարձր քաղաքակրթության ամենավառվռուն միջավայրը։ Ավա՜ղ, չէի գուշակում, որ երեք տարի անցած, ճակատագիրն իմ բախտին տալու է մի սոսկալի հարված, սրտիս մեջ ձգելով մի անբուժելի վերք։ Հետագայում կասեմ, թե ինչ էր այդ հարվածը...
Օրը մինչև երեկո դեգերում էի փողոցներում։ Առաջին մոնումենտը, որ այցելեցի, Notre dame de Paris-ն էր, Փարիզի նշանավոր տաճարը։ Դա մի տուրք էր գոթական հոյակապ ճարտարապետության և Վիկտոր Հյուգոյի հանճարին, որ անմահին տվել էր կրկնակի անմահության։ Այնուհետև իմ հաճախման վայրերն եղան թանգարանները— Լուվրը, Կառնավալեն, Լյուքսեմբուրգը, Կլյունին, հետո կենդանաբանական ու բուսաբանական այգիները, արձանազարդ պարտեզներն ու սկուարները, Բուլոնյան անտառը և այլն։
Կա մի գերմանացի մաղձոտ գրող Մաքս Նորդաու անունով, որի «Փարիզ» վերնագրով գիրքը մի մեծ ապացույց է, թե ինչպես շովինիզմը կարող է նույնիսկ տաղանդավոր մարդկանց կուրացնել և ձգել սև նախանձի և ատելության փոսի մեջ։ Այդ ճիպռոտ դիտողը, Փարիզի արտաքինը նկարագրելով, միայն մի գեղեցիկ բան է գտնում այնտեղ-Ռի-վոլի փողոցը և երեք միլիոն բնակչության մեջ միայն մի հազար մարդ է գտնում իր ուշադրության արժանի։
Փարիզը մի թանգարան է, սկսած միջնադարյան պալատներից և այլ շենքերից-մինչև նորագույն վայրերը։ Չկա գրեթե մի պարտեզ կամ հրապարակ, ուր չլինեն գեղարվեստասերի ուշադրության ու հիացման արժանի գործեր։ Բավական է միայն Լյուքսեմբուրգ այգին անցնել մի ծայրից մինչև մյուսը, տեսնելու համար, թե Փարիզը արձանագործության ինչ հրաշալիքներ ունի։ Դա մի ամբողջ դպրոց է գեղարվեստական ճաշակի նրբացման համար։ Այդտեղ են,