Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/283

Այս էջը սրբագրված է

ի միջի այլոց, Շոպենի, Գուստավ Ֆլոբհրի, Ժորժ Զանդի և ուրիշ շատ նշանավոր մարդկանց արձանները։ Փարիզի գլխավոր հատկանիշն այն է, որ այցելուի առջև նա միանգամից չի բացում յուր շքեղությունն ու գեղեցկությունը։ Նա նման է այն քմահաճ գեղեցկուհուն, որը չի ուզում առաջին իսկ վայրկյանին ժպտալ նոր ծանոթին։ Նա լավ գիտե յուր հմայքի արժեքը։ Ամիսներ, նույնիսկ տարիներ պետք է ապրել Փարիզում նրան լավ ճանաչելու համար։ Ես շատ ճամփորդներ եմ տեսել, որոնք առաջին օրերը պարսավել են Փարիզը, ժխտելով նրա գեղեցկությունը, իսկ հետո հափշտակվել են և տխրությամբ հեռացել նրանից։

Շատ օրեր խլեցին ինձնից թանգարանները, բայց միայն առաջին տարին։ Երկրորդ տարուց այլևս չէի այցելում, բացի Լյուքսեմբուրգ թանգարանից։ Այստեղ գրեթե ամեն ամիս նոր գլուխ-գործոցներ են ավելանում և, ով ուզում է հետևել նկարչության ու արձանագործության ընթացքին, պիտի հարատև այցելե այդ թանգարանը։ Կառավարությունը այդտեղ է ժողովում Փարիզի երկու սալոններում և այլ ցուցահանդեսներում գնած գործերը։ Իսկ գնվում են, իհարկե, միայն ընտիրները։ Յուրաքանչյուր նկարչի կամ արձանագործի բարձրագույն բաղձանքն է իր գործերից գեթ մեկը տեսնել Լյոլքսեմբուրգ թանգարանի մեջ։ Այստեղ է տաղանդների համբավը բարձրանում։ Տասը տարի արտիստի մահից հետո նրա գործը Լյուքսեմբուրգից տեղափոխվում է Լուվր, ուր և արժանանում է անմահության կնիքին։

Ես հետաքրքրվեցի գիտենալ արդյոք Լյուքսեմբուրգի մեջ որևէ հայ արտիստի գործ կա և տեսա միայն նատուրմորտիստ Զաքարյանի մի քանի ոչ մեծադիր գործերը։ Ռուս նկարիչներից կամ արձանագործներից ոչ ոքի գործ չեմ տեսել այնտեղ։

Ոչ մի զբոսանք կամ աշխատանք մարդուն այնչափ չի հոգնեցնում ֆիզիկապես ու հոգեպես, որչափ թանգարաններում դեգերելը։ Մելոման պիտի լինել երկու կամ շատ-շատ երեք անգամից ավելի անցնել ծայրեծայր դիցուք Փարիզի Լոլվրը կամ Հռովմի Վատիկանը։ Մարդ հոգնում է ոչ միայն այն պատճառով, որ ստիպված է մի քանի տասնյակ կիլոմետր