ճանապարհ կտրել հազարավոր սենյակների մեջ, հոգնում է դիտողությունից, ուշադրության լարումից: Աչքերի հոգնածությունը մտքի գործողության հետ ներգործում են մարմնի ամբողջության վրա, և այցելուն թանգարանից դուրս է գալիս ֆիզիկապես միանգամայն կազմալուծված։
Աննման են, իհարկե, Ֆիդիասին ու Պրաբսիտեչին, Ռաֆայելին ու Ռեմբրանտին կամ Ռուբենսին ու Տիցիանին նվիրված Ժամերը, բայց երբ չափազանցության ես հասցնում հետաքրքրությունդ, հոգիդ ու մարմինդ ճնշվում են տպավորությունների հորձանքի տակ։ Միևնույն ժամանակ ուղեղիդ մեջ առաջանում է մի տեսակ քաոս, և երկար օրեր չես կարողանում տպավորություններդ բաժանել իրարուց ու դասավորել: Գուցե դրա պատճառն այն է, որ մեր աչքերը մանկությունից չեն ընտելացել նման տեսարանների ու մեր հոգին նման տպավորությունների, և մենք, շտապելով ամեն բան միանգամից տեսնել, բռնադատում ենք մեզ մեր պատրաստությունից և ուժերից վեր լուծ վերցնել մեզ վրա։
Ես գրեթե համոզված եմ, որ ֆրանսիացին կամ իտալացին, մանավանդ վերջինը, այնքան չի ճնշվում թանգարանների տպավորությունների տակ, որքան մենք։ Երբ ես թափառում էի Փարիզի և հետագայում Հռովմի ու Նեապոլի հրապարակներում ու պարտեզներում, նախանձում էի մեկը մյուսից զմայլելի արձանների ու կիսարձանների տակ վազվզող մանուկներին, հիշելով մերոնց։ Լյուքսեմբուրգ պարտեզը, Լատինական արվարձանի այդ գեղեցկագույն անկյունը, գլխավորապես մանուկների զբոսավայրն է։ Օրը մինչև երեկո նրանք, իրանց դայակների կամ մայրերի հսկողությամբ ծառերի ստվերներում խաղալով, շատ բան են տեսնում ու շատ բան սովորում։ Փույթ չէ, որ մանկան մայրը կամ դայակը ոչ միշտ ձեռնհաս է տեսածները բացատրելու, ինքը մանկան հոգին լուռ խոսում է այդ սքանչելի արձանների ու կիսարձանների հետ և անգիտակցաբար ծծում է նրանց իմաստը։ Նեապոլի քաղաքային պարտեզն այնպիսի հրաշալիքներ ունի, որոնք լավագույն թանգարանների զարդերը կարող են լինել։ Նույնը և Հռովմի Վոգեզը և Փարիզի Պարկ-Մոնսոն։ Իսկ ի՞նչ են տեսնում մեր մանուկները