Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/292

Այս էջը սրբագրված է

գրականության (Դսստոևսկու, Տոլստոյի և նույնիսկ երկրորդականների), մանավանդ ռուս երաժշտության (Մուսորգսկու, Բորոդինի, Գլինկայի, Դորգոմիժսկու և Ռիմսկի-Կոբսակովի) մասին։ Հիշում եմ այն օրերը, երբ Փարիզը ծայրեիծայր լեցնում էր ռուս օպերաները ռուս երգիչների բերնից լսելու և ռուս բալետները ռուս արտիստների պարով տեսնելու։ Հիշում եմ մամուլի առատորեն շռայլված գովասանքները առանձնապես ռուս բալետին: Միակ առավելությունը, որ այդ դեպքում ֆրանսիացին պահում էր իր համար, այն էր, թե ինքն է առաջին անգամ բալետը Ռուսիա տարել Եկատերինայի օրերում։

Նախքան իմ հիշողությունների ներկա գլուխը փակելը, մի փաստ, թե ինչպես ճամփորդները շտապում են հապճեպ արտահայտվել ֆրանսիացու մասին։ Սորբոնի պրոֆեսորներից մեկի դասախոսության առարկան էր մի սեզոն «Օտարների տպավորությունները Ֆրանսիայից»։ Հիշում եմ նրա բերած օրինակներից, ի միջի այլոց, հետևյալը։ Ոմն ռուս ճամփորդ-հրապարակախոս փարիզյան թղթակցության մեջ գրում է. «Փարիզում բոլոր բժիշկները շառլատաններ են փոքրիկներից սկսած մինչև հռչակավոր Պաստեորը»։

— Այդ թղթակցությունը,— ասաց պրոֆեսորը հեգնորեն ժպտալով,— դրված է նույն տարին և նույն ամսին, երբ Պաստեորը, իր նորագյուտ շիջուկը սրսկելով Կալուգայի նահանգում կատաղած գայլից խածնված և Փարիզ եկած տասնյոթ ռուսների, փրկել էր նրանց կատաղությունից և մահից:

III

ՓԱՐԻԶԸ ԳԻՇԵՐԸ

Գիշերվա տասնումեկուկես ժամն է։ Թատրոնները դատարկվում են, կաֆեները լեցվում են։ Գեղարվեստական վայելքից հետո մարդիկ զգում են մի բան ուտելու կամ մի բաժակ սուրճ խմելու պահանջ:

Յուրաքանչյուր փարիզաբնակ իր սիրեցյալ կաֆեն