ունի, որին երբեք չի դավաճանում, օրը երկու անգամ այցելելով սովորական «ապերետիվն» ընդունելու համար։ Բայց թատրոնից դուրս գալիս նա հապճեպ մտնում է առաջին պատահած կաֆեն։ Նա շտապում է. Ժամանակ չունե խտրություն դնելու. ուղիղ տասներկուուկես ժամին «Մետրո»-ն (ստորերկրյա երկաթուղի), դիլիժանսները (այժմ բացառապես օթոբյուսներ) և տրամվայները դադարում են գործել։ Շատերը կենում են մեծ թատրոններից հեռու, իսկ մասնավոր «տաքսի» (ինքնաշարժ) շատ քչերն են վերցնում։ Փարիզեցին առհասարակ ժուժկալ է և խնայող, հաճախ ժյատության չափ։ Եվ ունի իրավունք այդպես լինելու. նրա եկամտի յուրաքանչյուր սանտիմը չափի տակ է։ Նա չի կարող այդ սանտիմը դեն շպրտել։
Մոտ երկու ժամին սկսում են փակվել և կաֆեները։ Չէ որ «գարսոն»-ներն էլ (տղա, սպասավոր) հանգստի պահանջ ունեն։ Եվ ահա նրանք արտակարգ աղմուկով և իրարանցումով աճապարում են տեռասների վրայից վերցնել ու ներս տանել նստարաններն ու աթոռները, «մետրդօթելի» դրակոնային հսկողության ներքո։
Նրանք հոգնած են անսահման։ Շատերը հազիվ կարողանում են քայլել, շշուկներով անիծելով իրանց ճակատագիրը: Նրանք ծառայության եկել են առավոտյան ութ ժամին և աշխատել են գիշերվա մինչև երկու ժամը, տասն և ութ ժամ։ Եվ ինչպե՜ս են աշխատել—մի՛շտ ոտքի վրա։ Նրանք ծառայության ժամանակ չունին իրավունք նստելու, բացի այն կես կամ մի ժամից, որ տրվում է նրանց նախաճաշի կամ ճաշի համար։ Եվ ի՜նչ են ստանում նրանք իրենց տիրոջից։ Ոչինչ: Շատ կաֆեներում սպասավորներն իրենք են վճարում կաֆեի տիրոջը, օրական 2-3-5 ֆրանկ «ջարդի», այսինքն` ափսե կամ բաժակ կոտրելու համար։ Վճարում են, միևնույն է, կոտրե՞լ են, թե չէ։ Բացի դրանից, կաֆեներում այցելուների գործածած թուղթը, ծրարն ու գրիչն էլ նրանց հաշվին է։ Միակ նրանց վարձը «պուրբուարն» է, այն տասը տոկոսը, որ այցելուն շպրտում է նրանց, շատ անգամ մտքում տրտնջալով։ Ծառայության ժամանակ նստելը նրանց արգելված է ընդունված սովորությամբ։ Չպետք է, որ այցելուներն