Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/294

Այս էջը սրբագրված է

ու անցորդները սպասավորներին տեսնեն նստած: Հակառակ դեպքում կաֆեի վարկը կարող է նսեմանալ. «Սպասավորը նստած է, ուրեմն գործերն անաջող են»,— այսպես կը մտածե տեսնողը։

Երկու ժամն է։ Այլևս ամայի են մեծ ու փոքր բուլվարներն ու պողոտաները։ Այս ու այնտեղ հազիվ երևում են հատ-հատ ուշացած անցորդներ, այս ու այն քառուղիի վրա, գազային լապտերի ստվերում նշմարվում է կարճ ուսնոցի մեջ ցրտից կծկված ոստիկանի գորշագույն կերպարանքը։ Մերթ ընդ մերթ ասֆալտյա սալահատակով սրընթաց սլանում են գիշերային պահակները վելոսիպեդներով, երկուսը, երեքը, երբեմն չորսը միասին։ Մթության մեջ նրանք վիթխարի չղջիկների տպավորություն են գործում իրանց լռոլ֊ թյամբ և սառն օդի մեջ գալարվող ուսնոցներով։ Կարծես երկրի վրա չեն, այլ օդի մեջ։

Այն տարին այդ գիշերային վելոսիպեդավոր պահակները Փարիզի համար նորություն էին։ Դա պրեֆեկտ Լեպինի, այդ փոքրահասակ, աղվեսանման և իր արտաքին ոչնչության տակ ծայր աստիճան դաժան ոստիկանապետի վերջին հնարագիտությունն էր։ Բանն այն է, որ «ապաշ» կոչված գողերը, սրիկաները ու մարդասպանները շատ էին «լրբացել»։ Գիշեր չէր անցնում, որ նրանք մի քանի մարդ չկողոպտեին կամ չսպանեին, նույնիսկ կենտրոնական բուրվարների ու փողոցների վրա։ Փարիզը դարձել է ծայր աստիճան վտանգավոր գիշերային մենավոր անցորդների համար։ Մամուլը աղմկում էր, ոճիրները տասնապատիկ խոշորացնելով և ամենամռայլ գույներով նկարագրելով։ Այդ կողմից առանձին եռանդ ու խանդ էին գործադրում բորժուական թերթերը։ Բայց ի՞նչ օգուտ։ Հնարագետ Լեպինը, որ մեծ վարպետ էր բանվորական խաղաղ ցորցերը կամ հակապետական ժողովները հետապնդելու և իր բյուրավոր աժանների կրունկների տակ ձգելու արվեստի մեջէ այս անգամ չկարողացավ իր գլխի տեր բուրժուազիայի հանգստությունն ապահովել։ Ապաշները կային, մնացին և այժմ մանավանդ կան ու «գործում» են։

Ովքե՞ր են նրանք։ Այս մասին մի քանի խոսք։