Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/295

Այս էջը սրբագրված է

Ապաշները Փարիզի քաոսային կյանքի գունագեղ ծնունդն են, նրա արգանդից ելած, նրա արյունից ու ոսկորից բաղկացած, նրա ճարպակալած մարմնի խոցը։ Ապաշը խուլիգանի ամենահանդուգն ու ամենավտանգավոր տեսակն է։ Նրա միակ արհեստն է կողոպուտն ու սպանությունը հանուն կողոպուտի։ Նրա գոյության գործիքն է աջ ձեռով վարտիքի գրպանում բռնած դանակը և շատ քիչ դեպքերում ռևոլվերը, որովհետև այս վերջինը թանկ է նրա համար։

Ապաշը ծայր աստիճանի խուժադուժ է, բայց ոչ քաջ։ Նա մենավոր անցորդի վրա մեծ մասամբ կռնակից է հարձակվում ու, նախքան կողոպտելը, երկաթե գավազանով կամ ստիլետով հարվածում է նրա գլխին ու ուշաթափեցնում։ Պատահում է, որ դեմուդեմ էլ է հարձակվում։ Այդ դեպքում նա, մենավորին հանդիպելով, հեռվից արդեն իրան հարբած է ձևացնում, մոտենում է երերվելով և հանկարծ գւխով դարնում է իր զոհի որովայնին։ Նա գիտե որ կողմին հարվածել։ Զոհն ուշաթափվում է, և ապաշը դատարկում է նրա գրպանները։ Վա՜յ, եթե զոհը արթնանա և ընդդիմադրի, կայծակի արագությամբ դանակը կխրվի նրա սրտի մեջ։

Յուրաքանչյուր ապաշ ունի հարճ, որին նա կոշում է amie, երբեմն մի քանիսը։ Նա ամենքի հովանավորն է, կատաղի պաշտպանը և ամենքին շահագործում է յուրաքանչյուրի ձիրքի և ընդունակության համաձայն։ Գլխավորապես նա amie-ների միջոցով է զոհերին իր ուռկանը որսում։ Մի կին, որ մի անգամ ընկել է ապաշի ձեռքը, չունի այլևս ոչ մի հնար նրա ճիրաններից ազատվելու, իսկ եթե փորձե ազատվել, անմիջապես կարժանանա նրա դանակի հարվածին, որ մեծ մասամբ մահացու է։ Ապաշը վերին աստիճանի խանդոտ է, և վայ այն կնոջը, որ կդավաճանի նրան։ Եվ այս ռոմանտիկ հողի վրա օր չի պատահում, որ Փարիզում տեղի չունենա որևէ դրամա, մեծ մասամբ սպանություն։ Ապաշներն ունեն իրենց երգերը, իրենց երաժշտությունը, իրենց գրականությունն անգամ։ Դա մի առանձնակի և ինքնահատուկ մշակույթ է։ Կան երաժիշտներ ու բանաստեղծներ, որ հատկապես նրանց համար են հորինում կամ