սպասում է ամբողջ երեկո, ամբողջ գիշեր։ Լուսաբաց է, իսկ աղջիկը չկա։ Մայրը վազում է Սոլեյանի մոտ։
— Ո՞ւր է իմ երեխան։
— Ա՜հ, տիկին, ես հուսահատության մեջ եմ։ Թատրոնից դուրս գալու ժամանակ փոքրիկը հանկարծ բաց թողեց իմ ձեռը և մնաց ամբոխի մեջ։ Փնտրեցի երկար ժամանակ, չգտա, վազեցի ամբողջ գիշեր դես ու դեն, չկա ու չկա։ Այժմ հոգնած եմ սաստիկ և ուժասպառ,— ավարտում է իր խոսքը Սոլեյանը և դռները փակում է հուսահատ մոր առջև։
Այրին վազում է ոստիկանատուն, պատմում է եղելությունը։
Հիշում եմ այն օրերը, երբ կորած աղջկանը փնտրում էին։ Ամբողջ ոստիկանությունը ոտքի էր կանգնել։ Պրեֆեկտ Լեպինը հայտարարց, թե 10000 ֆրանկ կստանա նա, ով կգտնե աղջկան։ Ռեկլամամոլ նույնպես իր կողմից հայտարարեց 10000 ֆրանկ։ Հասարակությունը հուզվել էր, մամուլը անասելի աղմուկ էր բարձրացրել։ Ես ինքս ամեն առավոտ զարթնելուս պես շտապում էի առավոտյան լրագրները գնելու։ Չեմ հիշում չորս թե հինգ օր տևեցին որոնումները։ Վերջապես, մի օր հարևաններից մեկը հայտնեց ոստիկանությանը, թե նա երեք օր առաջ Սոլեյանի սենյակի լուսամուտներից մեկի մեջ նկատել է մի դեռահասակ աղջիկ, որ տխուր դեմքով նայում էր դեպի տան գավիթը։ Եվ ոստիկանությունը վճռեց անել այն, ինչով պիտի սկսեր—խուզարկել Սոլեյանի բնակարանը։ Խուզարկեց և այնտեղ գտավ վառարանի մեջ աղջկա մի ազդրը կիսով չափ այրված, իսկ մարմնի մյուս մասերը կտրտած և այս ու այնտեղ թաքցրած։
Բժշկական քննությունը հաստատեց, որ Սոլեյանր, նախքան սպանելը, աղջկան բռնաբարել էր։ Ոճրագործը ձերբակալվեց։ Դատարանը նրան դատապարտեց գլխատման։ Հանրապետության նախագահն այն ժամանակ Ֆալիերն էր, գիլիոտինի սկզբունքային հակառակորդը։ Նա դատավճիռը վերածեց տաժանակիր աքսորի։ Բուրժուազիան բողոքեց, առանձնապես կանայք, որոնք մի բողոքագիր ներկայացրին նախագահին։
Լեպինն առանց վարանման ասաց լրագրերին.