Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/301

Այս էջը սրբագրված է

երբ, ինչպես Ամերիկայի, նույնպես և Եվրոպայի քաղաքներում օթոմոբիլը վերջնականապես դուրս է մղել ձիակառքերը։

«Ֆոլի Բերժեր»-ը ընթացիկ ամսվա ամենաշատ ռեկլամված զբոսավայրն էր։ Եկել էին անգլիացի դեռահաս աղջիկների մի խումբ պարուհիներ։ Այս առիթով շատ էր խոսվում Ֆոլի Բերժերի մասին։ Իբր թե պարուհիների խումբը բաղկացած էր բացառապես Լոնդոնի հայտնի ընտանիքների աղջիկներից, իբր թե նա եկել է ոչ դրամի, այլ իր արվեստը ցուցադրելու համար։ Իբր թե խումբը գտնվում էր դայակների հոգածության տակ, որոնք պաշտպանում են նրա անմեղությունն ու անմատչելիությունը։ Մեկը անպատկառ ռեկլամներից, որոնք միայն օտարներին են կարողանում խաբել և որոնց վրա փարիզեցին հեգնորեն ժպտում է։

— Ասում են, այդ աղջիկները վարդի կոկոններ են,— կրկնում էր հայրենակիցս, անդադար պտույտվելով կառքի մեջ, ինչպես լարված խաղալիք։

Ինձ համար հետաքրքրականը «կոկոնները» չէին և ոչ «Ֆոլի Բերժեր»-ը, այլ ինքը, ծանոթս։ Նա ժամանակակից բուրժուայի կատարելատիպերից մեկն էր։ Շատ էլ տգետ մարդ չէր։ Գիմնազիոնը ավարտած էր, քիչ թե շատ կարդացած, բավական ճամփորդած և բավական շփված ինտելիգենտ մարդկանց հետ։ Նա Թիֆլիսի քաղաքային ինքնավարության անդամ էր, մասնակցում էր զանազան խորհրդակցություններում, ուր քննվում էին քաղաքի տնտեսական, կրթական նաև բարոյական կացության խնդիրները։ Վերջապես շատ էր սիրում պտտել մտավորականների շրջանում, որպեսզի ինքն էլ մտավորական համարվեր։

Չգիտեմ ինչու, նա ինձ խնդրում էր, որ ես իրան Սոմիկո անվանեմ և հետը եզակի դեմքով խոսեմ։

Առաջին բանը, որ անմիջապես գրավեց Սոմիկոյի ուշադրությունը, երբ մտանք «Ֆոլի Բերժեր»-ի պրոմենուարը (զբոսավայրը), դռներից ոչ հեռու կանգնած ծաղկավաճառ աղջիկն էր, ոչ այնքան գեղեցիկ, որքան նուրբ ու բարեձև, ինչպես միջին փարիզուհին։ Սոմիկոն իսկույն մոտեցավ նրան, և, մի փունջ ծաղիկներ վերցնելով, սկսեց հոտոտել, վավաշոտ