պավիանի պես իր փոքրիկ աչքերը ճպճպելով ու աղջկան ժպտալով։
— Դու գնա քո բանին, ես հետո կգամ,— ասաց խորհրդավոր եղանակով այնպես, որ, կարծես, մի շատ կարևոր գործով պիտի զբաղվեր։
Նա մի քիչ գիտեր ֆրանսերեն, կարող էր նեղություն չզգալ։ Փարիզում առհասարակ շատ դյուրին են հասկանում անլեզու օտարականի միտքը և մեծ ճարպիկություն էլ հարկավոր չէ նրա գրպանը դատարկելու համար։ Այդ տեսակետից առաջին դափնին պատկանում է հանրային կանանց։ Մի քիչ դժվար է հասկանալ օտարականի գրպանի զորությունը և մանավանդ նրա առատաձեռնության չափը, բայց այդ էլ շուտով պարզվում է, եթե օտարականն առաջին անգամն է Փարիզ եկել։ Փորձված և աչալուրջ օտարականներն աշխատում են այս կամ այն կերպ թաքցնել իրանց հարստությունը, դիմացինի ախորժակը չգրգռելու համար։ Սոմիկոն այդպիսիներից չէր։ Նա իր ձախ ձեռի մատներից մեկի վրա կրում էր մի խոշոր ադամանդ շողշողուն փայլով։ Նա ամեն անգամ ծխելիս, ծխախոտի ոսկե տուփը, որ զարդարված էր տասնյակ գոհարներով, դիտմամբ թողնում էր սեղանի վրա, որպեսզի կանայք տեսնեն։
Սոմիկոն երկու-երեք վարդերի համար սեղանի վրա ձգեց մի ոսկի։ Աղջկա դեմքը շառագունեց ուրախությունից։ Նայեց Սոմիկոյի երեսին ու սև մազերին և մտքում որոշեց, թե դա կամ եգիպտական փաշա է, կամ հնդկական ռաջա, իսկ ես նրա քարտուղարն եմ։
Ես մտա խուռը բազմության մեջ, սպասելով ներկայացման սկսվելուն։ Ինձ ևս հետաքրքրում էին դեռահաս անգլուհիների ռեկլամված պարերը։ Որովհետև առաջին անգամը չէր, որ գտնվում էի այդպիսի մի զբոսավայրում, ուստի գիտեի յուրաքանչյուր ինձ մերձեցող ու թևս մտերմաբար բռնող աղջիկներից մի քիչ թե շատ սրամիտ կամ հաջող խոսքով ինձ ազատել։ Բայց աղջիկներն այնքան բազմաթիվ են, այնքան սիրալիր ու այնքան համառ իրանց հետապնդման մեջ, որ այցելուն շատ շուտ է հոգնում։
Ես քաշվեցի մի անկյուն և այնտեղից դիտում էի ամեն