— Բանի պետք չեն,— ասաց նա, երեսը դարձնելով իր դամերին,— ոտները խիստ երկար են, կուրծք ու... էլ չունեն։
Վերջին մի բառի ֆրանսերենը չգիտեր, ուստի երկու ձեռները դրեց թե մեկ և թե մյուս դամայի որոշ տեղերի վրա։ Այդ անսքող ժեստը մեծ հույս ներշնչեց գուրգուրանքի կարոտ էակներին, բայց ես վճռել էի բարեկամիս ազատել նրանց թավշյա ճանկերից։ Ավաղ, այդ այնքան էլ դյուրին չէր։ Թշվառներն անոթի էին և միանգամայն համոզված, որ մեզ հետ պիտի ընթրեն։ Սոմիկոն հակառակ չէր դրան։ Ես տվեցի երկուսին կես֊կես լուիդոր, ասելով «կառքի համար», և նրանք գոհ մնացին։ Այնուամենայնիվ, Սոմիկոն չվարանեց տալ նրանց իր այցետոմսը և վաղվա համար ժամադրություն նշանակել, մոռանալով ծաղկավաճառին։ Առհասարակ նա յուրաքանչյուր պատահողի, կին թե տղամարդ, տալիս էր իր այցետոմսը։ Երևի վճռել էր Փարիզի քաոսում լայն ժողովրգականություն վաստակել։
Մոնմարտրում, ի միջի այլոց, կան իրարուց ոչ հեռու երեք կաբարեներ՝ «Նեյան» (չիք կամ չքություն), «Անֆեր» (դժոխք) և «Սիել» (երկինք)։
Դրանք, թեև արտաքուստ բավական օրիժինալ, ըստ էության չնչին բաներ են, բայց ոչ մի եկվոր առանց այդ կաբարեները տեսնելու չի հեռանում Փարիզից։ Սոմիկոն լսել էր նրանց մասին, ուստի ինձ խնդրեց առաջնորդել իրան այնտեղ։
Գնացինք առաջինը «Չքություն»։ Նա գտնվում է մի մեծ տան ներքին հարկում։ Նրա մուտքը փողոցի կողմից քողարկված է սև ու թանձր վարագույրով ճիշտ այնպես, ինչպես վարագուրվում են կաթոլիկ ննջեցյալի տան դռներն ու եկեղեցու մուտքը, երբ այնտեղ դիակ կա։
Մեզ դիմավորեց դռների մոտ կանգնած մեկը, որ հագած էր դիակառք ուղեկցողի համազգեստ, մոտավորապես հետևյալ խոսքերով.
— Ահա եկան չքության դատապարտված նոր թշվառներ: Եկեք, եկեք, բարի գալուստ։ Հավիտենականության դռները պատրաստ են ձեզ գրկաբաց ընդունելու։
Խոնավ ու մութ սենյակ է կամարաձև առաստաղով։