խաղը։ Նա մի քիչ հանգստանում է, հետո, ամաչելով իր ահաբեկությունից, ասում է․
— Ես չվախեցա, հանաք էի անում։
Բայց կեղծում է։ Նա վախեցավ և շատ սաստիկ։ Այդ երևում էր նրա դեմքի գունատությունից, ձայնի հուզումից ու ձեռների դողոցից։
Մի քանի նման շառլատանություններից հետո մեզ քարե տամուկ կամարների տակով տանում են կաբարեի խորքը։ Այնտեղ, սեմի մթության մեջ մեզ դիմավորում է մի ծերունի շատ բարձրահասակ, շատ նիհար, այնպես նիհար, որ կարծես, կաշի էլ չի մնացել նրա վրա։ Նրա ճաղատ ու լերկ գլուխը կատարյալ գանգ է, խորն ընկած քունքերով ու այտերով։ Ո՞րտեղ են գտել այդ կենդանի կմախքը։ Ակամա մտածում եմ, որ մարդուն արվեստական միջոցներով են այդ դրությանը հասցրել, անոթությամբ կամ դեղերով։ Մարդը մեզ ողջունում է անդրգերեզմանային ձայնով, իր գոս ձեռներից մեկը մեզ պարզելով, մյուսով նվագելով կրծքին սեղմած գարմոնիկի պես մի գործիք։
Մենք նրան տալիս ենք մի քանի սու և անցնում վերջին կամարի տակ, դարձյալ կմախքներ ու ոսկորներ։ Բայց այստեղ բեմ էլ կա։ Դուրս են գալիս գիշերային հագուստով մի երիտասարդ և մի սիրուն կին։ Սկսում են սիրաբանել անխոս, միայն շարժումներով։ Բայց հենց որ սիրաբանությունը հանգում է վերջաբանին, և գործող անձերը սկսում են մերկանալ, հանկարծ չքանում են։
Սոմիկոն հիասթափված գոչում է.
— Վայ, ափսո՜ս․․․
Դուրս գալու ժամանակ նրանից պահանջում են կոտրած երկու ֆրանկանոց հայելու համար քսան ֆրանկ։ Նա տալիս է անտրտունջ։ Առհասարակ նա դրամ չի խնայում, ծախսում է առատորեն, ինքն իրան արդարացնելով․
— Ֆրանկ է, ռուբլի չէ․․․
Կամ.
— Փարիզ եկողը փող չպիտի խնայի․․․
Գնացինք «Դժոխք»։— Այստեղ կենդանի մարդուն ձգում են խարույկի մեջ, այրվում է, մոխիր է դառնում, հետո նորեն