կենդանանում է։ Բայց Սոմիկոյի համար ամենահետաքրքրականը, իհարկե, «Երկինք»-ն է։ Այդտեղ «երջանկություն» է տիրում։ Բեմի վրա պարում ու երգում էին շատ թեթև զգեստավորված, գրեթե մերկանդամ աղջիկներ, իսկական աղջիկներ և ոչ լույսերի խաղ։
— Էլ այստեղից ոչ մի տեղ չգնանք,— ասաց Սոմիկոն զվարթացած։
Բայց քիչ անց ավելացրեց.
— Քաղցած եմ, մի բան ուտենք։
Ես ևս քաղցած էի։ «Երկնք»-ում ճաշարան չկար։ Մենք դուրս եկանք և գնացինք մերձակա ռեստորաններից մեկը— Rat mort...
Այն տարին Rat mort (Սատկած առնետ) Փարիզի մոդային ու թանկ ռեստորաններից մեկն էր։ Իմ գրպանի թեթևությունը, կամ, ավելի ճիշտն ասած, թեթևամտությունը, իհարկե, թույլ չէր տալիս ինձ հաճախ այցելելու այդ տեսակ ճաշարաններ, բայց անհրաժեշտ էի համարում գոնե մի քանի անգամ թույլ տալ ինձ այդ շքեղությունը բարքերի ուսումնասիրության տեսակետից։ Տեղն է ասել, որ ես միշտ այն կարծիքի եմ եղել, թե ռեալիստ գրողը մեծ գեղարվեստական սխալ է գործում, երբ հանձն է առնում նկարագրել անձամբ չուսումնասիրած, մանավանդ չտեսած բաները։ Եթե գրողը ուզում է հավատ ներշնչել ընթերցողին, այսինքն նրա վրա ճշմարտության տպավորություն գործել, հապա նա երբեք չի հասնիլ իր նպատակին, եթե սոսկ իր երևակայությամբ է ղեկավարվել։ Ուզում եմ ասել, իրականությունը չէ, որ պիտի ընթանա երևակայության ետևից, այլ ընդհակառակը՝ երևակայությունը պիտի ղեկավարվի իրերի ճիշտ ուսումնասիրությամբ։ Ես ամաչելու չափ վատ եմ զգում, երբ մի շարքային պարզ ընթերցող իմ այս կամ այն երկի մեջ ցույց է տալիս ինձ իմ սխալը իրականության դեմ, թեկուզ այդ սխալը վերաբերվի մի որևէ տեսարանի նկարագրությանը։ Այդ տեսակ սխալ ես հեղինակի համար համարում եմ նույնքան աններելի, որքան գրվածքի հոգեբանական սխալը։
«Սատկած առնետ»-ի ծաղրելի պատմությունը բավական,