հարվածով շշմեցնում է իր զոհին և այնպես կողոպտում։ Ֆրանսիացու ռեկլամը անուշ ժպտալով, շոյելով, փաղաքշելով, մանավանդ սրախոսելով է մտնում գրպանդ ու դատարկում։ Բացի այդ, նա այնքան ագահ ու անկուշտ չէ, որքան ամերիկյանը։ Շատ անգամ նա սանտիմներով է բավականանում։
Իմ բարեկամ Սոմիկոն երևելի գաստրոնոմ էր և շատակեր, իսկ խմելու մեջ շատ քիչ մրցակիցներ ուներ իր հայրենիքում։ Քանի անգամ տեսել էի նրան տնային խնջույքներում իր արծաթապատ «հազար փեշա»-ն դատարկելիս։
Երբ մենք մտանք «Սատկած առնետ»-ի սեղանատունը, երբ Սոմիկոն տեսավ թարմ ծաղիկներով պճնված և պես-պես ըմպելիքներով ծանրաբեռնված ձյունափայլ սեղանները, նրա կլորիկ, տանձաձև դեմքը պսպղաց հղկված պղնձի պես, իսկ փոքրիկ կիսանիրհ աչքերը արտացոլեցին ներքին հուրը, որպես շիկացած ածուխի փշրվածք։
— Նստենք, նստենք շուտ,— ասաց նա և վազեց առաջ։ Բայց նստելու տեղ չկար․ բոլոր սեղանները բռնված էին։ Կանայք բացառապես դեկոլտե էին, իսկ տղամարդկանց միայն մի մասը ֆրակավոր, իսկ մյուս մասը մեզ նման պարզ հագնված, թեև, իհարկե, սև գույնով։ Կային և՛ այնպիսինները, որ ճամփի մոխրագույն հագուստներով էին։ Անշուշտ դրանք այն անգլիացիներից էին, որոնք ամեն շաբաթ օր գալիս են երկու գիշերով Փարիզի զբոսանքները վայելելու։ Նրանք ժամանակ չեն ունեցել իրանց հագուստը փոխելու և եկել են այստեղ ուղղակի երկաթուղու կայարանից։ Վաղը կիրակի է, ամբողջ օրը և ամբողջ գիշեր կզվարճանան, այն ժամանակ, երբ նրանց հայրենակիցները պարտավորված են նստել իրանց տներում, աղոթել, ավետարան կամ աստվածաշունչ կարդալ։
Ռեստորանի առաստաղը բարձր չէր։ Օդը տոգորված էր ուտելիքների և ըմպելիքների հոտով ու շոգիով և գլանակների թանձր մառախուղով։ Սեղանների նեղ միջանցքում զարմանալի ճարպիկությամբ թռչկոտում էր մի պարուհի չոր հոգուց բաղկացած օրկեստրի նվագածությամբ։ Չնայելով ֆրանսիացու բնական թեթևությանն ու վարպետությանը,