սպաստվորները հազիվ կարողանում էին իրենց համար ճամփա գտնել գրեթե իրարու սեղմված սեղանների միջև։ Սոմիկոն ընդհարվեց նրանցից մեկի հետ, բայց ճարպիկ սպասավորը հաջողեց զարմանալի մի շարժումով փրկել անկումից անթիվ բաժակներով ու շիշերով լեցուն մատուցարանը։ Հետո բարեկամս դիպավ մի իր պես կլորիկ մարմնի, որ իսպանացու էր նման, և երկուսն էլ միաժամանակ ասացին pardon ու Ժպտացին իրարու։ Ահ, ի՜նչ նման են նրանք իրարու։
Վերջապես, ժերանը մի անկյունում դնել տվեց մի նոր սեղան, և ինքը ցցվեց մեր առջև անձեռոցիկը թևի տակ բռնած։
Սոմիկոն պատվիրեց մի քանի տեսակի կերակուրներ, և, իհարկե, շամպայն։ Ես բավականացա խոզի ապխտով և մի քանի բաժակ կոնյակով։ Ես շամպայն չէի սիրում և այժմ էլ չեմ սիրում։
Դատարկելով առաջին շիշը, նա պահանջեց երկրորդը, իսկ երրորդն ուղարկեց երաժիշտներին։ Ուտում էր նա գայլի ախորժակով, հևալով և փսփսալով, ինչպես դարբնի հնամաշ փուքս։ Կերակուրը նրա թանձր ու վար պառկած բեղերից թափվում էր կրծքի վրա, փրփրադեզ շամպայնը դուրս էր հոսում բերանի անկյուններից, ինչպես հորդառատ աղբյուրից։
Օրկեստրը նվազեց սեզոնի կաֆեշանտանային նորագույն պարերգը matchich։ Մի քանի անգլիացիներ սկսեցին սուլել իբրև թե ներդաշնակությամբ և դանակ-պատառաքաղներով թմբկել շամպայնի գավաթների վրա։ Մեկը նրանցից նույնիսկ փորձեց երգել այն անճոռնի եղանակով և այլանդակ ձայնով, որ միայն անգլիացուն է հատուկ։ Ես զարմանում եմ, որ այդ մարդիկ չեն զգում, որ երգ ասված բանը բրիտանացու համար չի հորինված։
«Մաչիշ»-ը շատ դուր եկավ Սոմիկոյին։ Նա ժերանի ձեռքով մի լուիդոր ուղարկեց դիրիժյորին և պատվիրեց կրկնել։ Պարուհին, ոսկու փայլը տեսնելով, ընդոստելով մոտեցավ և նրա առջև պարեց նույն եղանակը, առաջ մենակ, հետո մի շատ նիհար ու շատ երկայն ամերիկացու հետ։ Սոմիկոն