նրան էլ պարգևեց մի ոսկի, կանխապես ոտքի ելնելով և սալոնային կավալերի ժեստով համբուրելով պարուհու ձեռքը։ Մի բան, որ երբևէ ընդունված չէր, և արժանացավ ընդհանուր ծիծաղի։ Բայց Սոմիկոն չշփոթվեց։ Նա ուրախ էր, որ ուշադրություն էր գրավել և, որպեսզի ավելի մեծ սենսացիոն առաջացնի, ինքն էլ կամեցավ պարել։ Պարուհուն գրկելով, նա մի անհաջող շրջան արավ և դարձյալ մի ոսկի դրեց նրա քրտնած ձեռքի մեջ։
Պարող ամերիկացին մոտեցավ մեզ և ուղիղ Սոմիկոյի քթի առաջ բռնեց իր ձմերուկի չափ կռուփը։ Ես կարծեցի, որ ուզում է սկանդալ անել։ Բայց չեղավ, նա բ՛ռունցքը բաց արավ, և սեղանի վրա թափվեցին մի բուռը ոսկիներ։ Նա հրամայեց սպասավորներին ոսկիները ժողովել և իրանց գրպանը դնել։ Սոմիկոն, որ գունատվել էր ամերիկացու բռունցքից, ուշքի եկավ, գրկեց նրան և կամեցավ հետը համբուրվել, բայց ամերիկացին հրաժարվեց, ցույց տալով նրա թաց բեղերը:
Ես աշխատում էի Սոմիկոյին համոզել, որ մի փոքր զսպե իրեն և շատ էլ չշռայլե իր սիրո զեղումները, մանավանդ դրամը։ Բայց նա համառ էր և կրկնում էր.
— Թող աշխարհը տեսնի, որ հայ ազգն էլ ապրել գիտե։
Սոմիկոն «ազգասեր» էր։ Ինձ միայն հաջողվեց նրան համոզել, թե կան ավելի զվարճալի վայրեր, թե պայմանավորվեք ենք այս գիշեր այդ տեղերն էլ այցելել։ Նա պահանջեց կերած-խմածի հաշիվը և սպասավորին ընդունված տասը տոկոսի փոխարեն տվեց քսան տոկոս։ Նա կամեցավ Ժերանին էլ փող բաշխեք և տվեց մի ոսկի, կանխապես աջ ու ձախ, նայելով համոզվելու համար, որ իր առատաձեռնությունը տեսնողներ կան։ Ավա՜ղ, ոչ ոք նրա շռայլությունը ուշադրության չարժանացրեց, բացի սպասավորներից, պարուհուց ու երաժիշտներից։ Մնացյալների համար բարեկամիս անսահման հուզումն էր հետաքրքրական ու ծիծաղելի...
Երբ ես իմ կերած-խմածի համար վճարեցի իմ գրպանից, Սոմիկոն շատ վիրավորվեց։
— Այդ լավ չէ, դու ինձ խայտառակում ես օտարների մոտ,— ասաց նա հանդիմանաբար։