մարմնի։ Մակընթացության ու տեղատվության գործողությունը սկսվել ու վերջացել էր ընդամենը 3-4 ժամում։ Այժմ շուկան հանգստանում էր վաղվա համար։
Այս ու այնտեղ երևում էին հատ-հատ ուշացած գնողներ։ Նրանց տակավին հույս ունեին ձեռնունայն չվերադառնալ տուն։ Երևում էին նաև կեր որոնող թշվառները, բայց նրանք էլ շուտով կգնան կամ, ճիշտն ասած, կցրվեն փողոց մաքրողների երկաթյա ավելներով։ Այս է նրանց վիճակը դարերից ի վեր և մարդկային աչքն այնքան ընտելացել է նրանց, որ այլևս ոչ ոքի կարեկցությունը չեն շարժում և ոչ իսկ արժանանում են ուշադրության։
V
ՓԱՐԻԶՆ ԱՌԱՎՈՏՅԱՆ
Աշնանային անձրևը տեղում էր փոշու պես մանր, դանդաղ, գրեթե աննշմարելի։ Կարծես երկնքի մազը շուռ տվող ձեռը թուլացել էր և չէր ուղում գործել։ Բայց մոխրագույն նոսր մառախուղը տակավին չէր փարատվել։
Որքան զմայլելի է Փարիզն արեգակի առավոտյան նորածին և երեկոյան մահամերձ ճառագայթների տակ, որքան ծիծաղկոտ է, երբ լողում է լույսերի ավազանում, նույնքան անբարեհամբույր, տխուր ու մռայլ է անձրևների տակ, մշուշի մեջ։ Քաղաքներ կան, ուր ամենաթանձր մառախուղն իսկ այնպես չի տխրեցնում, այնպես չի ներվայնացնում մարդուն, որպես Փարիզը մշուշի նոսր շղարշի մեջ։ Այդպես են Նյու-Յորքը, Լենինգրադը, այդպես է մանավանդ մառախուղների աշխարհ Լոնդոնը, որ ես չեմ տեսել, ճիշտ այն պատճառով, որ սարսափել եմ այդ մառախուղներից։
Փարիզն այն բացառիկ գեղեցկուհիներից է, որոնց պայծառ ու ծպտուն երեսին չի սազում գորշագույն շղարշը, որքան ևս սա նոսր լինի։ Գոնե ինձ այդպես էր թվում, գոնե ես միշտ գրգռվում ու թթվում էի անդադար պատժված մանկան պես, երբ Փարիզն անձրևում էր։ Իսկ անձրևում էր նա շատ