հաճախ, երբեմն օրվա ընթացքում հինգ-վեց անգամ։ Կարծես, բնությունը նախանձում էր նրան և խանդոտ սիրականի պես չէր ուզում, որ իր գեղեցկությամբ շատ հպարտանա։
Վաղ առավոտ էր. Մոնմարտրը դեռ շարունակում էր պարել ու երգել, շնանալ ու պոռնկանալ, բայց բուն Փարիզն արդեն զարթնել էր։ Ոչ հղկված, շպարված, ոչ արյուն ծծող, ոչ ըստ արհեստի ոճրագործ, ըստ էության լկտի ու անպատկառ Փարիզը—բուրժուազիան, այլ աշխատավոր Փարիզը—պրոլետարիատը։ Այն, որ արեգակի ծագումից սկսած մինչև նրա մուտքը և էլի ավելի տքնում է աշխատանքի երկաթյա լծի տակ։ Այն, որ շինում է և չի շահվում, ստեղծագործում է և չի վայելում, այն, որ տալիս է ոսկու բեռներ և ստանում է պղնձյա գրոշներ։
Ահա նա, այդ գորշ բազմությունը։ Մտեք «Փարիզի գոտի» կոչված երկաթուղու առաջին հանդիպած կայանը և դուք կտեսնեք նրան, այդ հազարավոր և տասնյակ հազարավոր բանվորներին, որոնց մի մասը դրսից քաղաք է գալիս, մյուս մասը քաղաքից շրջակայքն է շտապում, ամենքը դեպի գործարաններ։ Ոմանք, նախքան գործի գնալը, մտնում են էժանագին ու կեղտոտ «Բիստրո»-ները մի-մի բաժակ խմելու այն պղտոր հեղուկից, որ, կարծես, ծաղրի համար կոչվում է Cafe au lait (կաթով սուրճ)։ Փույթ չէ, նրանք գոհ են և այդքանով, վասնզի հաճախ այդ էլ չեն ունենում։ Եվ ծիծաղում են, քրքջում, իրարու բարեկամաբար բոթում ու սրախոսում, ինչպես դպրոցականներ։ Բայց մի խաբվեք արտաքինից, նրանք թեթևամիտ պատանիներ չեն։ Յուրաքանչյուրը նրանցից իր ուղեղի մեջ ունի մի միտք, իր սրտի մեջ մի հավատ, թե այդ այդպես չպիտի շարունակվի, թե մարդկությունը չի կարող երկար ժամանակ մնալ այդ փխրուն ու փտած կամրջի վրա, թե նա պետք է անցնի և շուտով կանցնի դեպի լավագույն ապագան։ Թե որն է այդ լավագույնը, նրա համար այդ տակավին այնքան էլ պարզ չէ, բայց զգում է, որ նրա ստեղծագործողն ու հասունացնողն ինքը պետք է լինի իր կոշտացած ձեռներով...
Փողոցները մաքրվում ու լվացվում էին։ Վիթխարի ինքնաշարժերին կպած երկաթյա գլանաձև ավելները ցեխն ու