աղբը սալահատակների քշում տանում էին մայթերի կողմ։ Դռնապանները բաց էին անում ջրմուղի ծորակները, և ջուրը» վանդակը խորտակած վագրի պես, դուրս ցատկելով, ամեն ինչ մղում ու տանում էր վար, Փարիզի հռչակավոր կոյանոցը, իսկ տներից դուրս բերված աղբերի արկղները դրվում էին դռների առջև։ Շուտով կգան սանիտարային սայլերը նրանց դատարկելու և աղբը տանելու քաղաքից դուրս այրելու համար։ Առայժմ նրանք chiffonnier-ների (լաթեր որոնող) տրամադրության տակ են։ Ահա նրանք, նստած կամ պառկած են թաց նստարանների վրա և համբերությամբ սպասում են իրանց բախտին։ Դա էլ մի առանձին դասակարգ է։ Դա էլ մարդկային թշվառության մի պատկերն է, միայն մեծ քաղաքներին հատուկ։
Յուրաքանչյուր շիֆոնիե իր հատուկ փողոցն ունի ու նստարանը։ Ոչ մեկը չպիտի գրավե իր արհեստակցի տեղը, եթե չի ուզում ծեծվել կամ ծեծել։ Պատահել են դեպքեր, երբ ընդհարումը վերջացել է արյունահեղությամբ, որովհետև այդ է պահանջել մարդկային էության ամենապահանջկոտ մասը—ստամոքսը։
Ես ցանկացա խոսել այդ խեղճերից մեկի հետ։ Դա մի փոքրահասակ մարդ էր, արդեն ճերմակած մազերով։ Ըստերևույթին որոշ ճաշակի տեր մեկն էր, վասնզի նրա հնամաշ պիջակն ու պանթալոնը լավ էին կարկատված. օձիքն էլկեղտոտ չէր, դեմքն էլ մաքուր էր։
— Շա՞տ բան եք գտնում,— հարցրի ես, մի ծխախոտ առաջարկելով։
— Կախված է բախտից,— պատասխանեց նա, հաճույքով ընդունելով ծխախոտը և, իհարկե, չմոռանալով ասել «մերսի»։
— Ի՞նչ եք անում գտնված լաթերը։
— Վաճառում ենք։
— Ո՞ւմ։
— Գործարաններին, որ թուղթ են պատրաստում։ Մի՞թե չգիտեք, որ ամենաընտիր թուղթը լաթերից է պատրաստվում։
— Պատահո՞ւմ է, որ նոր, չպատառոտված կտորներ գտնեք։