— Ի՛ նչու չէ։
— Ի՞նչ, օրինակ։
— Ո՞վ գիտե, ինչ կամենաք անձեռոցիկ, սփռոց, խոհանոցի իրեր։
— Ի՞նչ եք անում։
— Օհո՜, ի՜նչ ենք անում,— հեգնեց մարդը ֆրանսիացուն հատուկ հեգնանքով,— լվանում ենք, չորացնում, արդուկում և վաճառում կամ ինքներս ենք գործածում մեր տանը։ Մի անգամ,— ավելացրեց ծերունին ծիծաղելով,— ես մի կանացի մետաքսյա կոմբինեզոն գտա։
— Ի՞նչ արիք։
— Հե՜, ի՞նչ արի։ Կնոջս տվեցի։ Այժմ էլ վրեն է։ է՜հ չէ nր լաթավաճառի կինն էլ մի անգամ պիտի մետաքսյա շապիկ ու վարտիկ հագնե… Ի՞նչ կասեք, հե՜, պարոն։
— Ավելի թանկարժեք բաներ է՞լ եք գտնում։ Օրինակ, ոսկյա կամ արծաթյա իրեր։
— Այդ էլ է պատահում, բայց շատ քիչ անգամ։ Անցյալ ամիս գտա մի արծաթյա գդալ, իսկ մի տարի առաջ մի ոսկյա մատանի, առանց գոհարի։ Այդ կողքից ես շատ էլ բախտավոր չեմ։ Իմ շրջանը հարուստ չէ։ Այստեղ չկան մոռացկոտ կամ անուշադիր սպասավորներ ու խոհարարներ։ Գլխավոր բանը նրանցից է կախված։ Մեր գործը սովորաբար ավելի հաջողվում է այն առավոտները, երբ նախընթաց գիշերն այս կամ այն հարուստ տանը եղել է բազմամարդ ընթրիք կամ այդպիսի մի հանդես։ Բայց այն էլ պետք է ասել, որ առհասարակ հարուստ մարդիկ կորցնելու մեջ ժլատ են,— ավելացրեց ծերունին փիլիսոփայաբար։
— Դուք ամբողջ օրը լաթեր փնտրելո՞վ եք զբաղված։
— Ոչ, ինչպե՞ս կարելի է ամբողջ օրը։ Միայն գիշերվա կիսից մինչև առավոտ։
— Իսկ հետո՞։
— Հետո, ծխախոտի մնացորդներ եմ հավաքում։
— Ո՞րտեղ։
— Իհարկե, կաֆեների առջև, դուրսը, տերրասների վրա։ Ներս չեն թողնում մտնել։
— Քանի՞ տարի է, որ այդ գործերով եք զբաղված։