Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/328

Այս էջը սրբագրված է

և թե մանավանդ rafale բառից հասկացա, որ տունը ուրիշ ոչինչ է, եթե ոչ գաղտնի թղթախաղի «կլուբ»։

Այն ժամանակ այդ «կլուբ»-ները մերթ ընդ մերթ ենթարկվում էին ոստիկանության հանկարծակի արշավին և կողոպտվում, իսկ խաղացողները ձերբակալվում էին առերես և շուտով արձակվում։ Ոստիկանության տեսակետից կարևորը նրանք չէին, այլ գրավված դրամը, որ անցնում էր պետական գանձարանը։

Այդպես էր իմպերիալիստական մեծ պատերազմից առաջ։ Այլ է այժմ, երբ շատ բաներ են փոխվել Ֆրանսիայի տնտեսական կյանքում։ Այժմ կառավարությունն ինքն է խրախուսում ազարտ խաղերը։ Մի ժամանակվա առերես ոճիր համարվածն այժմ պետական գանձարանի եկամտային աղբյուրներից մեկն է։ Եվ ոչ պակաս արդյունաբեր աղբյուր, քան որևէ մի ուրիշը։ Այդպես, օրինակ, նշանավոր խաղատներից «Haussmanm» կոչված կլուբն իր եկամուտներից պետությանը տալիս է որպես հարկ օրական ոչ պակաս, քան կես միլիոն ֆրանկ։ Հարկի չափերը կախված են կլուբի շրջանառությունից —40-ից սկսած մինչև 80 տոկոս։ «Haussmann»-ն մեկն է այն բախտավորներից, որոնց ամենօրյա շրջանառությունը, այսինքն խաղացողների տանուլ տվածն ու տարածը հասնում է տասնյակ միլիոնների։ Այնտեղ խաղում են ոչ միայն պրոֆեսիոնալ բախտախնդիրները, անգործ ու անարվեստ երիտասարդները, կյանքից խաբված ծերունիները, անցյալ և ներկա կավատները, ապաշները, գողության համար պաշտոնից զրկվածները, գրպանահատները, սրիկաները, այլև շատ գրողներ, բանաստեղծներ, հայտնի և անհայտ նկարիչներ, դերասաններ, երգիչներ, երաժիշտներ, արձանագործներ, նույնիսկ պատկառելի գիտնականներ ու պրոֆեսորներ։ Այնքան գայթակղեցուցիչ է մի գիշերվա մեջ հարյուր հազարներ շահելու անպատկառ հույսը։ Խաղում են նաև նրանք, որոնց անկիզելի սնդուկներն առանց այդ էլ ճարճատվում են ոսկու ծանրությունից— ամերիկյան միլիարդերները։ Ինչո՞ւ։ Այն պարզ հոգեբանական պատճառով, որ ազարտ խաղը նրանց տալիս է հոգեկան խորին բավարարություն,