որ նրանց համար երջանկության չափ հաճելի է տասնյակ հիմարներին և ապուշներին կողոպտել և փողոց նետել[1]։
Խաղամոլները ցրվեցին, կաֆեն դատարկվեց։ Սոմիկոն ոսկյա տուփը գրպանը դրեց, դուրս եկանք։
Մանր անձրևը շարունակվում էր գրգռեցուցիչ համառությամբ, որպես կամակոր ու երես առած մանկան անախորժ լացը։ Քաղաքային բանվորները երկայն ձողերով հանգցնում էին գազային լապտերների լույսը։ Բուլվարները հետզհետե կենդանանում էին 4—5 ժամվա նիրհից հետո։ «Մետրոն» արդեն բաց էր արել իր մթին բերանը, և կլանում էր հազարավոր ուղևորների, ինչպես մի անհագ հրեշ։
Երևացին դիլիժանսները, նորամուծ հատ-հատ օթոբուսները ու տրամվայների առաջին վագոնները։ Թաց մթնոլորտը լեցվեց զանգերի ու փողերի խառնաշփոթ հնչյուններով։ Առայժմ նրանք գրավված էին բանվորներով և մանր ծառայողներով։ Հետո կգա մանր բուրժուազիան։ Գերակշռող տարրը խոհարարուհիներն են։ Նրանք իրենց լիք զամբյուղներով տեղավորվել են դիլիժանսների «իմպերիալ»-ում, այսինքն վերին հարկում։ Անձրևը նրանց չի վրդովում, սովոր են վաղուց։ Նստած են հպարտ, ինքնագոհ, որպես արևելյան իշխանուհիներ պատգարակների վրա։ Փորձեցեք նրանց հետ զրույց անել, և դուք կտեսնեք, թե որքան հպարտ են իրանց վիճակով։ Շատ-շատերը նրանցից գիտեն վարպետորեն շահագործել իրանց պաշտոնը, գնած պարենի արժեքի մի մասը սեփականացնելով։ Կան այնպիսիները, որ, այդ ուղղությամբ գործելով, հազարներ են շահել։
Երկու ոստիկան մի աղքատ հագնված երիտասարդի օձիքից բռնած, քաշքշեցին տարան ոստիկանատուն, վզակոթին
- ↑ Վերջին անգամ Փարիզ եղածս ժամանակ ինձ հավատացրին, թե Օսման խաղատանը Բաքվից փախած մի կարճահասակ ծերունի դաշնակցական տանուլ է տվել 300 հազար ֆրանկի չափ մի գումար։ Այդ դրամը նրան տված է եղել դաշնակցական կառավարությունը՝ Ռումինիայում նավթ գնելու և Հայաստան ուղարկելու համար։ Դաշնակցության կառավարության Փարիզի պատգամավորությունը՝ վատնիչին դատի ենթարկելու փոխարեն, խայտառակությունը սքողել է ծերունուց վերցրած մի պարտատոմսով... «Պարտական եմ, կվճարեմ»։ Շ .։