Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/33

Այս էջը հաստատված է

— Որ գլուխդ տրաքում է, ինչո՞ւ ես ավելորդ խոսում,— արտասանեց թթված դեմքով կինը և, մի կատաղի հայացք գցելով հիվանդի վրա, երեսը դարձրեց դեպի պատրշգամբը ու քթի տակ ինչ-որ մրթմրթաց։

— Ի՞նչ է պատահել, Գասպար Մարտինիչ,— հարցրի ես՝ կամենալով թեյի և մուրաբայի խնդիրը դուրս գցել ասպարիզից։

— Նավի վրա եմ մրսել... ջերմ ու տենդ է, վայ, շուռ է տալիս սաթլջամի, կարող է տիֆ էլ լինի կամ խալերա, ով գիտե։ Ա կնիկ, աղյուս տաքացրու, դիր փորիս վրա, վայ, ուֆ, մեռա...

Կինը դարձյալ անշարժ մնաց։ Ինձ համար պարզ էր, որ նա հիվանդի խոսքերին նշանակություն չէր տալիս, կարծես նույնիսկ չէր հավատում նրա հիվանդությանը։

Ես մորեղբորս պատվերը բարեկենդանի մասին հայտնեցի խնամատարիս։ Երբ խոսքս հասավ Սաղյանի գինուն, հանկարծ թթված դեմքով կինը փոթորկվեց։

— Հա՞,— գոչեց նա սուր և անախորժ ձայնով,— հիմա էլ Սաղյանի գինի։ Մադրասինից կշտացա՞ր, հա՞։ Խմիր, խմիր, տեսնենք՝ վերջդ ինչ է լինելու։

— Ա կնիկ, մի տաքանար, դու գիտես, որ ուստա Ակոբը հանաքչի է,— փորձեց մեղմացնել կնոջ բորբոքը խնամատարս։

Բայց երևում էր, որ կնոջ սիրտը վաղուց է լցվել թույնով և առիթի էր սպասում, որ ժայթքի։ Եվ սկսեց․ աստվա՜ծ իմ, ինչեր չասաց նա իր խեղճ մարդուն։ Դուրս եկավ, որ արագախոս և ճեպընթաց բարեկամս, որին ես մարմնացած եռանդ էի համարում, և՛ ծույլ է, և՛ ձրիակեր, և՛ արբշիռ, և՛ մեծախոս, և՛ ստախոս, մանավանդ մեծախոս ու ստախոս։ Ինչպես երևում էր, իմ ներկայությունը նրա համար ոչինչ նշանակություն չուներ, կամ մարդու տեղ չէր դնում ինձ։

Խեղճ ամուսինը մուշտակը քաշել էր գլխին և աշխատում էր չլսել նրան։ Երբ կինը դուրս թափեց իր ամբողջ մաղձը, այն ժամանակ Գասպարը մուշտակը ետ գցեց և ասաց.