Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/331

Այս էջը սրբագրված է

անգամ ևս ենթարկվել կնոջս հանդիմանությանը, թող գոնե վարձս մի քիչ արժանանար սպասվելի նախատինքին։

Սակայն Սոմիկոյի դժկամակության հիմնական պատճառը ոտքով քայլելը չէր, այլ ուրիշ բան։ Այն, որ ես ավրել էի նրա գիշերվա էպիլոգը այդքան դրամ ծախսելուց հետո, զգալով մի տեսակ պատասխանատվություն հայրենակցիս կյանքի և առողջության վերաբերմամբ։ Եթե ես նրան թողած լինեի իր կամքին, սատանան գիտե այժմ որտեղ կլիներ և լավագույն դեպքում ինչ պարգևով կվերադառնար իր կացարանը։ Թող հետո անե, ինչ որ ուզում է, միայն թե ոչ իմ ներկայությամբ։

Անցանք գլխավոր բուլվարները, հասանք Սենայի ափերին։ Ֆրանսիայի փոթորկալի պատմության հավիտենական ականատեսը իր մշտապես պղտոր ջրերը մղում էր խուլ մրմնջալով, որպես ծանր ու միատեսակ աշխատանքից հոգնած բեռնակիր։ Թվում էր, որ նա բողոքում է իր ճակատագրի դեմ։ Էյֆելյան աշտարակի գագաթը մշուշի մեջ էր։ Փարիզը վաղուց էր դադարել հետաքրքրվել նրանով։ Այլևս նրա 300 մետր բարձրությունը ոչ ոքի չէր հիացնում, ոչ մանավանդ «Մեծ Անիվը», որ իր 40 վագոններով 1600 մարդ էր պտտեցնում իր շուրջը մինչև 100 մետր բարձրություն, ոչ նաև «Մեքենաների պալատը» ինժեներային արվեստի վերջին պարծանքը, որ արժանացավ 1889 թվականի համաշխարհային ցուցահանդեսի առաջին մրցանակին։ Երեքն էլ նույն ցուցահանդեսի բեկորներն էին, որոնցից երկուսը շուտով քանդվեցին որպես ավելորդ բաներ։ Մնաց «Գրան Պալեի» և Տրոկադերոյի հետ էյֆելյան աշտարակը, Փարիզի դրոշակը, որ ամենից առաջ է ողջունում հեռավոր ճամփորդներին։ Եվ Գյուստավ էյֆելը, ծերունի մետեորոլոգը շարունակեց պաշտպանել իր ստեղծագործությունը, ամեն օր նրա բարձունքից անեծք թափելով Անատոլ Ֆրանսի գլխին, որ չէր դադարում աղաղակել.

— Հեռացրեք աչքիցս այդ երկաթե խրտվիլակը, նա վիրավորում է իմ ճաշակը, վասնզի այլանդակում է իմ պաշտելի Փարիզի գեղեցկությունը։

Բայց ավա՞ղ, ծերունի էսթետի ձայնը չլսվեց, և «խրտվիլակը»