զարթնել էին և տախտակամածների տակից դուրս էին սողում, ինչպես մողեսներն իրանց ստորերկրյա բներից։ Կային կանայք և երեխաներ, բոլորը քարածխի մրից սևացած։
Ափերի վրա նստած էին մի խումբ պատանիներ և մի քանի ծերունիներ։ Ձկնորսներ էին, որ, կարթը ջրի մեջ ձգած, անհամբեր կամ դժոխային համբերությամբ սպասում էին բախտի ժպտին — օրվա պարենին։ Նրանք էլ ունեին իրանց որոշ տեղերը որսի համար և մեկը չունե իրավունք մյուսի տեղը բռնելու։ Լուռ ու անշարժ նրանք գամվել են հողին կոճղերի պես և թվում է, որ պիտի մնան այնտեղ հավիտենապես։ Մերթ ընդ մերթ մեկը կամ մյուսը բարձրացնում է կարթը և, ձկնիկը պոկելով նրա ծայրից՝ փիլիսոփայական սառնությամբ, ձգում է քովը դրած զամբյուղի մեջ։
Մի հնաշեն քարե կամրջի տակից դուրս եկան մի խումբ մարդիկ կանանց ու երեխաների հետ։ Գործազուրկ բանվորներ էին իրենց օթևանի տերերից դուրս վռնդված, որպես անճշտապահ կենողներ...
Ես հոգնած էի մինչև անզորություն...
VI ՀԱՅԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ
Փարիզ եկող հայը, եթե ուզում է իր հայրենակիցներին հանդիպել, ստիպված է կիրակի օրը եկեղեցի գնալ։ Այդպես է աշխարհի բոլոր կողմերում, ուր կան գեթ մի բուռը հայեր (իսկ ո՞ւր չկան, մանավանդ այժմ)։
Հայ եկեղեցիները գաղութներում կատարում են կլուբների դեր։ Այնտեղ են գալիս գաղթականները իրարու հանդիպելու համար, այնտեղ են լուրեր առնում իրենց հայրենիքից ու ազգականներից։ Այնտեղ են վաճառվում լրագիրներ, գրքեր, երբեմն նույնիսկ հայրենիքի նպարներ, պանիր, խավիար և նման բաներ։
Առհասարակ հայ եկեղեցին վաղուց է կորցրել իր արժեքը, որպես աղոթավայր, որպես հավատի սիմբոլ, որպես պաշտամունքի առարկա, որպես իմացական սրբություն։
Թիֆլիսի քսանուչորս եկեղեցիները տարենը տասներկու